Տեղի ունեցավ 12-րդ սերնդի մենտորության ծրագրի արարողությունը

Սերունդների իմաստալից և պտղաբեր համագործակցությունը «Այբ»-ի առաքելության հիմնարար սկզբունքներից է։ «Այբ»-ը, լինելով ընդհանուր արժեքներով ու տեսլականով միավորված գաղափարակիցների համայնք, կոչված է ապահովելու մարդու լիարժեք կայացումը՝ առաջատար դպրոցական կրթությունից մինչև հաջողության բարձունքներ։

Հուլիսի 6-ին տեղի ունեցավ 12-րդ սերնդի մենտորության ծրագրի արարողությունը։ 50 սաներ, համալրելով «Այբ»-ի շրջանավարտների համայնքը, հանդիպեցին իրենց մենտորներին։ Արարողության ընթացքում մենտորներն իրենց սաներին հանձնեցին շրջանավարտի կախազարդը՝ խորհրդանշելով «Այբ» համայնքի համալրումը նոր անդամներով։

Այնուհետև ավանդական ճաշի սեղանի շուրջ մենտորները և սաները միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն ունեցան։ Երեկոյից անպակաս էր իհարկե ազգային պարը։

Մենտորության ծրագիրն «Այբ»-ի գաղափարական հիմնաքարերից մեկն է, որը գործում է ի նպաստ «Այբ»-ի առաքելության իրականացման։

Մենտորության ծրագիրը մեկնարկել է 2013 թ.-ին, երբ դպրոցն ավարտեցին «Այբ»-ի առաջին սերնդի 17 շրջանավարտները։ Հիմնադիր բարերարները, որոնք իրենց հռչակեցին դեռ գոյություն չունեցող դպրոցի շրջանավարտներ, կամավոր ստանձնեցին ավագ ընկերոջ դերը և վերցրին մենտորի պարտականությունը։ 2019 թ.-ին նրանց շարքերը որպես մենտոր համալրեցին «Այբ» դպրոցը 5 և ավելի տարի առաջ ավարտած շրջանավարտները՝ հիմք դնելով սերունդների միջև շարունակական փոխկապակցվածությանը։ Այսօր «Այբ» դպրոցն ունի 102 շրջանավարտ մենտոր և 19 բարերար մենտոր։

Tweets by AybSchool
>