Տարեցտարի մեդիա դաշտն ընդլայնվում է։ Այն հասանելի է Երկիր մոլորակի գրեթե յուրաքանչյուր բնակչին։ Սակայն մեդիա դաշտում նոր հնարավորությունների հետ միաժամանակ առաջանում են նոր վտանգներ, ինչի պատճառով մեդիայի ազդեցությանը դիմադրելու կարողությունը 21-րդ դարում դարձել է անհրաժեշտություն։ Այս հիմնախնդրի դեմ լուծումը «Մեդիագիտակներ» ակումբը տեսնում է բնակչության իրազեկվածության մեջ։
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Մեդիագիտակներ» ակումբը խմբագիր, հրապարակախոս, հաղորդավար Արամ Աբրահամյանի գլխավորությամբ ուսումնասիրում է մեդիա դաշտը։ Ակումբը զուգորդում է տեսական և գործնական աշխատանքները։
Մեդիագրագիտությունը մեդիա դաշտի «գրագետ» կիրառումն է, ինչը ենթադրում է բոլոր հնարավոր վտանգների գիտակցում, դրանց հակադրելու և դրանցից խուսափելու մեթոդների իմացություն։ Այս շրջանակում ուսումնասիրված թեմաները բազմազան են, հիմնականում վերաբերվում են տարբեր «մեդիա աղետներին»։ Թրոլներ, բոտեր, ԶԼՄ-ների մանիպուլացիոն ազդեցություն, սոցիալական ցանցերում բանավեճեր, ֆեյք օգտատերեր և լուրեր, տեղեկատվական պատերազմ, դավադրությունների տեսություն՝ այս և այլ թեմաների վերաբերյալ «Մեդիագիտակներ» ակումբի անդամները պատրաստում են տարբեր նյութեր՝ հոդվածներ, տեսանյութեր, անիմացիաներ և այլն։ Նպատակն է՝ օգնել մարդկանց ավելի ճիշտ կողմնորոշվել համացանցում, չխաբվել և չենթարկվել շահարկումների։
«Մեդիագիտակներ» ակումբի վերջնական արտադրանքը նախագծային ուսումնառության արդյունքում պետք է լինի կայքը, որտեղ հրապարակվելու են աշակերտների՝ վերը նշված թեմաներով պատրաստած նյութերը։ Ակումբի անդամ աշակերտներն արդեն գրել են 20-ից ավելի հոդվածներ և պատրաստել մի շարք տեսագրություններ։ Դրանց միջոցով «Մեդիագիտակներ» ակումբը կկիսի իր գիտելիքները՝ փորձելով բարձրացնել մարդկանց մեդիագրագիտության մակարդակը։
Այսպիսով՝ նախագծային ուսումնառության շրջանակում «Մեդիագիտակներ» ակումբը պատրաստվում է մեդիա ոլորտում ստացած գիտելիքներն օգտագործել հօգուտ հասարակության լայն զանգվածների։ Ակումբի անդամները հույս ունեն, որ կկարողանան նպաստել հետագա սերունդների մեդիագրագիտության զարգացմանը։
Մերի Ղուլյան, 11-րդ դասարան,
«Մեդիագիտակներ» ակումբ
Կիսվել
[[tags:1:1]]