Ռոքային ու այբական տոն՝ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում. «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբը հանրության դատին էր հանձնում այս տարվա «Պատրաստված է Հայաստանում» նախագիծը։ Նպատակն էր հասարակության լայն շերտերի շրջանում հայկական ռոքի մասին իրազեկվածության մեծացումը, ինչին աշակերտները հասան վեբ կայք ստեղծելու միջոցով։ Ամբողջ տարվա ընթացքում համագործակցելով Հայկական ռոք ասոցիացիայի հետ՝ աշակերտներն ուսումնասիրեցին հայկական մի շարք ռոք խմբերի ստեղծագործություններն ու պատմությունները, համակարգեցին ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկույթը, հանդիպումների և քննարկումների միջոցով ավելացրին նորերը և այդ ամենը զետեղեցին կայքում, որը շատ շուտով հասանելի կլինի բոլորին։
Բայց մինչև այդ և բացի դրանից՝ աշակերտները ակումբի ղեկավար Վահագն Պապայանի գլխավորությամբ ընտրել ու իրենց կազմի համար հարմարեցրել էին հայկական ռոք խմբերից մի քանիսի ստեղծագործությունները, որոնք ներկայացվեցին համերգի ընթացքում։ Ի դեպ, համերգ-շնորհանդեսին ներկա էին նաև «Լավ էլի», «Բամբիռ», «Դոգմա», «Որդան Կարմիր», «Ոստան Հայոց», «High», «Oaksenham» խմբերի անդամներ, ինչպես նաև այլ հայազգի երաժիշտներ։ Երկար սպասված համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում։
Երկարատև ու անվերջ թվացող փորձերից հետո ստանձնելով մեծ պատասխանատվություն՝ ակումբի անդամները վերջապես հաջողությամբ անցան հայկական ռոքի գունազարդ ճանապարհով, որը սկիզբ էր առել դեռ նախորդ տարվա «80 ակՕրդ աշխարհի շուրջ» փոդքաստների շարքի վերջին թողարկումից և կշարունակվի, քանի դեռ ապրում է հայկական ռոքը։
Մանե Օհանյան, 12-րդ դասարան,
«Ռոքեստր» ակումբի անդամ
Կիսվել