Սիրել սովորել․ աշակերտներն՝ այբական կրթության մասին

«Այբ»-ում ուսումնառությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար, ակադեմիական դասապրոցեսից զատ, աշակերտները ներգրավված են նաև մի շարք հետաքրքիր նախաձեռնություններում։ Այս հոդվածով փորձելու եմ ընդհանուր ներկայացնել՝ ինչն է յուրօրինակ այբական առօրյայում, ինչն է այբական կրթության գրավիչ կողմը և ինչու:

Որոշ առարկաներ ավագ դպրոցում համարվում են ընտրովի, այսինքն՝ դու ընտրոմ ես դրանք ցանկության դեպքում: Ընտրովի առարկաներն օտար լեզուներն են: Իմ սերնդակիցներից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, որպես 3-րդ օտար լեզու ընտրել է իսպաներենը, քանի որ մանկուց հետաքրքրված է եղել լեզուների ծագումնաբանությամբ, դրանց պատմությամբ և զարգացմամբ։ Հենց այս փոքրիկ փորձառությունն է իսպաներեն լեզուն սովորելու նկատմամբ ձգտում առաջացրել։

«Ուսումնական նյութի փոխգործուն և հմուտ ներկայացումը է՛լ ավելի մեծացրեց հետաքրքրությունս առարկայի նկատմամբ։ Դասերի ընթացքում կիրառվում են մի շարք գործիքներ՝ համապատասխան 21-րդ դարի աշակերտի պահանջմունքներին և հմտություներին։ Լավագույն օրինակը, որ այս պահին գալիս է մտքիս, Kahoot խաղն է։ Յուրաքանչյուր դասանյութ ուսումնասիրելուց հետո խաղի միջոցով համատեղում ենք և՛ ուրախ ժամանցը, և՛ ձեռք բերված գիտելիքների յուրացումը։ Իսպաներենն արդի լեզու է, և ես կարծում եմ, որ օտար լեզուներ սովորելը բոլորի հոբբին, արտադպրոցական կյանքի կարևորագույն մասնիկը պետք է լինի», - նշում է Արթուրը:

Կան նաև այնպիսի առարկաներ, որոնք պարտադիր են միայն 10-րդ դասարանում, սակայն 11-րդ և 12-րդ դասարաններում աշակերտը հնարավորություն ունի դրանք ընտրելու: Այդ առարկաների խմբից նշենք ազգային պարն ու գործարարությունը: Ես արդեն 2-րդ տարին է, ինչ ուսումնասիրում եմ բիզնես առարկան․ ռեսուրսներ, մարկետինգ, էկոնոմիկա, առաջնորդություն, տնտեսություն։ Չկա հստակ ուղղվածություն, և դու կարող ես դպրոցական ծրագրից զատ հետաքրքրվել այն բաժնով, որը քեզ ավելի շատ է դուր գալիս։ Օրինակ՝ մեկ ամիս առաջ, երբ դեռ մարկետինգ էինք սովորում, այցելեցինք շոկոլադի գործարան՝ պարզելու, թե ինչպես է կառավարվում արտադրությունը, ինչպիսի գնագոյացում է կիրառվում այդ ոլորտում, և, իհարկե, բացահայտվեց բոլորիս մանկության ամենաբաղձալի ցանկությունը՝ տեսնել կոնֆետների պատրաստման գործընթացը։ Ես շատ հավանեցի մեր այդ դասը, քանի որ այն իսկապես տպավորիչ էր:

«Այբ»-ում շատ սիրված են նաև առարկայական դասընթացների շրջանակում իրականացվող նախագծերը:

Աշակերտները ձևավորում են խմբեր և միասին զբաղվում որևէ հետաքրքիր, դասի հետ սերտ առնչվող թեմայով։ Օրինակ մեր սերունդը հրապարակեց իր պատկերացրած լավագույն ամսագրերի շարքը՝ տարբեր թեմաներով: «Խոսի՛ր Հայաստան», «ԿենսԱյբ», «Խազեր»՝ աշակերտների հեղինակած ամսագրերն են: Նախագծերը սիրված են աշակերտների շրջանում, քանի որ մենք ստեղծագործում ենք այն թեմայով, որը հոգեհարազատ է, միևնույն ժամանակ չենք շեղվում դասանյութից: Ունենք աշակերտներ, ովքեր շատ են հետաքրքրված կիբերանվտանգությամբ և ՏՏ ոլորտով. նրանց ամսագիրն ուներ կայքի տեսք, ամբողջութամբ գրել էին կոդերով: Դժվար չէ գուշակել, որ «Խազեր» ամսագիրը երաժշտական աշխարհին շատ մոտ աշակերտների ձեռքի գործն է: Սրանով ուզում եմ շեշտել այն, որ մեծ է բազմազանությունը, և անգամ մի թեմայի շուրջ քննարկում ունենալու համար պետք չեն սահմանափակումներ և հստակ ուղեցույցներ: Այսպես զարգանում է մեր ստեղծարարությունը, որպես անհատ ազատ լինելու և քեզ համար սիրելի և նախընտրելի գործով զբաղվելու անգերազանցելի գործոնն ուսումնառությամն մեջ: Ի՞նչ իմաստ կա սովորելու մեջ, եթե այն քեզ չի ոգեշնչում:

Այնպես չէ, որ միայն մեր կամքով ընտրված առարկաներն են հետաքրքիր: Օրինակ՝ պարտադիր բնագիտական առարկա կենսաբանությունը ևս շատ բովանդակային է: Վերջերս ոչխարի սիրտ էինք հերձում: Վերոնշյալ բոլոր օրինակները վառ ապացույցն են այն բանի, որ ցանկացած առարկա կարող է դառնալ աշակերտի տարերքը: Ավագ դպրոցում հաճույքով սովորելը մի աննկարագրելի զգացում է:

Այբական կյանքի մեկ այլ հետաքրքիր բաղկացուցչի՝ նախագծային ուսումնառության մասին իր կարծիքն է արտահայտում 2020 թ․-ի շրջանավարտ Շուշան Դավեյանը: 11-րդ դասարանում միացել է «Ռոքեստր» ակումբին, որովհետև երգելու, երաժշտախմբի զիլ անդամ լինելու ցանկություն է ունեցել։ Հետո, երբ ուսումնասիրել է երաժշտության զարգացման պատմությունը, հետազոտել, վերլուծել, նվագել, հակադրվել ու զգացել թիմի անդամ լինելու դժվարություններն ու ուժեղ կողմերը, ժպիտով է հիշում իր ակնկալիքներն ու իրականությունը:

«Նախագծային ուսուցումն ու մեր ակումբը իսկապես լավագույն հարթակն են թե՛ ինքնակատարելագործման, թե՛ գաղափարներ արտահայտելու, արժեք ստեղծելու ու «Այբ»-ը մի քիչ ավելի քիչ կարոտելու համար»,- ասում է Շուշանը:

Այբական ուսումնական գործընթացից կարելի է անվերջ պատմել: Միջոցառումներ, նախագծեր, քննություններ, գրքերի, ֆիլմերի քննարկում... ուսումը դասագիրք-աշակերտ-ուսուցիչ հայեցակարգը չէ միայն: Երբ մենք՝ աշակերտներս, դուրս գանք այդ շրջանակից, կգնահատենք սովորելու իսկական արժեքը:

Կարինե Ավալյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog

Tweets by AybSchool
>