Դու ամեն շաբաթ միևնույն ժամին բացում ես «Այբ» դպրոցի «Արվեստանոցի» դուռն ու այդպիսով ազդարարում քո ամենշաբաթյա նկարչության դասի սկիզբը։ Գույներ, նկարակալներ, վրձիններ, գիպսե գլուխներ և, որ ամենակարևորն է, քեզ հետ ստեղծագործող ընկերներ։ Այս ամենը, որի մասն են «Այբ» ավագ դպրոցի աշակերտներն ամեն օր, հաստատապես ոգեշնչող է թե՛ աշակերտների և թե՛ ուսուցիչների համար, բայց ահա ավելին փնտրելու, նոր ոգեշնչումներ, նոր տեսարաններ բացահայտելու ու փորձեր կատարելու համար էր, որ ավագ դպրոցի աշակերտներն իրենց ուսուցիչ Մարի Ադամյանի նախաձեռնությամբ որոշեցին նկարչության հերթական դասն անցկացնել դասասենյակից դուրս՝ Մատենադարանում։
«Դրսում նկարելու փորձը լրիվ ուրիշ էր. նստում ես, նայում շուրջդ ու հասկանում, թե որքան ազատություն ունես ստեղծագործելու։ Դրանից հետո ի վերջո մտքովդ սկսում է ավելի հաճախ անցնել, որ փաստորեն ամեն անկյունում էլ ուշադրության արժանի ու ոգեշնչող ինչ–որ փոքրիկ բան կարելի է գտնել», - այսպես է բնութագրում իր ունեցած փորձառությունը 12-րդ դասարանի աշակերտ Էլինա Դանիելյանը։
Բացօթյա այդ դասի ընթացքում աշակերտները պետք է ճեպանկարեին Մատենադարանի որևէ անկյուն, իսկ հետո անցնեին իրենց ճեպանկարների մշակմանն արդեն դպրոցում։ Մի փորձառություն, որ հաջողությամբ կարողացավ մեկտեղել ու փոխլրացնել դասասենյակային պատերի ներսում ու դրանից անդին ստեղծագործելու հաճույքն ու հմտությունները։ Իսկ իրենց տպավորություններն ու արդյունքները ներկայացնելու համար աշակերտները կազմակերպեցին մեկօրյա փոքրիկ ցուցահանդես՝ Մատենադարանը բերելով «Այբ»-ի բակ։
Աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն ունեցան վայելելու դպրոցի ծառերից կախված մատենադարյան կամարները, արձանները, պատերն ու շատ ավելին՝ աշակերտների աչքերով։
Լանա Մելիքյան, 12-րդ դասարան
Կիսվել