[Հարցազրույց] Լիլիթ Մինասյանը ստացել է Գերմանիայում սովորելու ամբողջական կրթաթոշակ

2021-ի հունվար-մարտ ամիսներին 12-րդ դասարանի 6 աշակերտներ մասնակցել են Գյոթեի ինստիտուտի կազմակերպած Test-DaF դասընթաց-վերապատրաստմանը, որի արդյունքում 6 աշակերտներից 4-ը DAAD-ի կողմից ստացել են հնարավորություն դիմելու գերմանական բուհում ուսանելու կրթաթոշակային հատուկ ծրագրին, որը Հայաստանում երկրորդ անգամ է ներկայացվում։ Աշակերտներից Լիլիթ Մինասյանը, հավաքելով առավելագույն միավորներ (19 միավոր՝ հնարավոր 20-ից), ստացել է հատուկ անվանական կրթաթոշակ DAAD-ից, ինչով նման հնարավորության նախադեպ է ստեղծել նաև հետագա սերունդների համար։ Լիլիթը կստանա ամբողջական կրթաթոշակ որևէ գերմանական բուհում ուսանելու համար։

Լիլիթի հետ զրուցել եմ նրա շահադրդման աղբյուրի, հետագա ծրագրերի մասին։

- Ինչպե՞ս եղավ, որ դու կարողացար ստանալ այդպիսի հիանալի արդյունքներ`19 միավոր 20-ից։ Արդյո՞ք դժվար էր այդ արդյունքին հասնելը։

- 8-րդ դասարանից սովորում եմ գերմաներեն և ծրագրում էի հենց Գերմանիայում ուսումս շարունակելու։ Առաջնային նպատակս լավ կրթություն ստանալն էր,իսկ Գերմանիան շատ լավ հնարավորություն էր։ Փետրվարին հանձնեցի քննությունը և հաջող արդյունք գրանցեցի։ Կարծում եմ, որ այս հաջողությունն անմիջապես կապված է իմ շահադրդման հետ։

- Խոսեցիր շահադրդման մասին։ Յուրաքանչյուր մարդ ունի շահադրդման աղբյուր։ Իսկ ո՞րն է քոնը։

- Շահադրդմանս աղբյուրը, կարծում եմ, իմ նպատակներն են, քանի որ, եթե կա ձգտում, ապա նպատակին հասնելն ավելի հեշտ է, իսկ ճանապարհը՝ հստակ և պարզ։

- Այժմ դու ունես այսպիսի հիանալի հնարավորություն։ Սա հաշվի առնելով՝ ի՞նչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված։ Արդյո՞ք օգտվելու ես քեզ բաժին ընկած այս հնարավորությունից, թե ոչ։

- Ինչպես ի սկզբանե նշեցի, ծրագրել էի Գերմանիայում սովորել, բայց քանի որ այնտեղի ընդունելությունն ավելի ուշ է, այժմ ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի տվյալագիտության բաժին։ Ծրագրում եմ Գերմանիայում շարունակել ուսումս մաթեմատիկայի ուղղությամբ, որից հետո՝ նորից տվյալագիտության։ Հստակ կողմնորոշում դեռ չկա, բայց հնարավոր է մագիստրատուրան ևս Գերմանիայում ավարտեմ, որից հետո կվերադառնամ Հայաստան։

- Եվ վերջապես, ի՞նչ խորհուրդ կտաս այն աշակերտներին, ովքեր ապագայում կցանկանան մասնակցել Test-Daf դասընթաց-վերապատրաստմանը։

- Պետք է շատ առնչվել լեզվի հետ՝ տարբեր ձևերով։ Օրինակ՝ ես շատ ֆիլմեր եմ դիտել, նաև գրքեր կարդացել գերմաներենով։ Ինքնուրույն ևս պետք է շատ աշխատել։ Այդ առումով «Այբ»-ը շատ հնարավորություններ է տալիս՝ տարբեր միջոցառումների, ծրագրերի մասնակցելու, որոնց ընթացքում ավելի կլավանա լեզվին տիրապետումը։ Մինչ այս ծրագիրը ևս մեկ այլ ծրագրի էի մասնակցել, որի միջոցով հնարավորություն ունեցա 2 շաբաթով այցելելու Գերմանիա և անմիջական շփում ունենալու լեզուն կրողների հետ, ինչը նույնպես օգնեց բարելավելու գերմաներենի իմացությունս։

Լիանա Պողոսյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>