Դպրոցական ճամփորդության ավարտ և նոր հորիզոնների սկիզբ «Այբ»-ում հնչեց 11-րդ սերնդի վերջին զանգը: Ավագ դպրոցի եռամյա ուսումնառությունն ավարտում են 43 շրջանավարտներ:
Հանդիսությունն անցավ ծնողների, ուսուցիչների և ողջ դպրոցական համայնքի հույզերով, ուրախությամբ և հպարտությամբ լի հանդիսավոր մթնոլորտում։ Ավարտական դասարանի աշակերտներն ուրախ ներկայացումներ էին պատրաստել՝ ամփոփելով դպրոցական երեք տարիների տպավորիչ պահերը։
«Այբ» դպրոցում միջոցառման առանձնահատկությունն այն է, որ աշակերտներն իրենք են նախաձեռնում և կազմակերպում վերջին զանգը։ Այս իրադարձությունը կարևոր քայլ է դառնում շրջանավարտների կյանքում՝ խորհրդանշելով նրանց անցումը հասուն տարիքի: Այնուամենայնիվ, «Այբ» դպրոցի շրջանավարտների դպրոցական ճամփորդության վերջնական ավարտը ավարտական արարողությունն է, որը սովորաբար տեղի է ունենում հուլիսին: Այս օրը շրջանավարտները ոչ միայն ստանում են ավարտական դիպլոմները, այլև «Այբ»-ի կյանքի նոր փուլ են մտնում և ստանում մենտորական ծրագրի վկայականներ՝ համալրելով «Այբ»-ի շրջանավարտների համայնքը։ Սա հաստատում է նրանց անկախ կյանք մտնելու, ինչպես նաև «Այբ» դպրոցի աշակերտների ապագա սերունդների համար առաջնորդի և ավագ ընկերոջ դեր ստանձնելու պատրաստակամությունը:
Կիսվել