«Ես այսօր չեմ ուզում ասել շնորհակալություն քեզ, «Ա՛յբ», ես այսօր ուզում եմ ասել ապրե՜ս, «Ա՛յբ»։
Ապրե՜ս, «Այբ», որ ձեռքիցս բռնել, քաշել ես ներս, հետո տվել շատ հանձնարարություններ, նախագծեր ու ընկերներ, դեմքիս երբեմն խոժոռություն, հոգումս ծածուկ մի զգացողություն, իսկ սրտումս մի մեծ հույս»։
Ահա այսպիսին էր մեր՝ հոբելյանական 10-րդ սերնդի 54 շրջանավարտների խոստովանությունը «Այբ»-ին, որը հերթական հրաժեշտի փոխարեն մի ջերմ «դեռ կհանդիպենք» էր՝ մշտապես վերադառնալու և «Այբ»-ի մասնիկը լինելու խոստմամբ։ Չնայած «Այբ»-ում երբեք զանգերի ձայն չի հնչել և աշակերտներից ոչ ոք չի պատկերացնում «Այբ»-ի հետ ստեղծված ամուր կապի ավարտը, այնուամենայնիվ, հարազատ դարձած այբական պատերի ներսում 10-րդ սերունդը նշեց երկար սպասված Վերջին զանգը։ Հարյուրավոր ջերմ լուսանկարներ ու հոլովակներ, հիշողություններ, ոգևորված, լեփ-լեցուն դահլիճ և ահա, 10-րդ սերունդը պատրաստ է իր վերջին, ամենասպասված հանդիսությանը։
Միջոցառումն անցավ ազգային պարերի ուղեկցությամբ, այբական կյանքի և առօրյայի մասին հումորներով, առցանց դասերի խելահեղ ընթացքն ու «Այբ»-ի և 10-րդ սերնդի կապը փաստող տեսաշարերով ու հիշողություններով, որոնց ուղեկցեցին անսպառ ծիծաղն ու նաև հուզմունքը։ Ավարտին ամբողջ դահլիճը դիտեց աշակերտների և ուսուցիչների պատրաստած սիրառատ հոլովակները, 10-րդ սերունդն էլ դպրոցին փոխանցեց մեր ստեղծած խորհրդանշական նկարը՝ լիահույս, որ վերջինս դպրոցում կունենա իր փոքրիկ անկյունը։
«Դու Տան զգացումն ես տալիս, «Ա՛յբ», բայց դու ոչ թե երկրորդ տուն ես կամ չգիտեմ թե էլ ինչ, այլ սեր, որը ոմանց համար առաջինն էր։ Եվ սա էր իմ խոստովանությունը. դու ինձ սեր բացատրել էլ սովորեցրիր, փաստորեն։
Սիրում եմ քեզ, «Ա՛յբ», ուզում եմ, որ շատ ապրես ու մեծանաս։ Շնորհակալությո՛ւն՝ լինելու և ամենալավը լինելու համար։
Սիրով՝ հավերժ քո 10-րդ սերունդ»։
Աիդա Ավետիսյան
10-րդ սերնդի շրջանավարտ
Կիսվել