Մարտահրավեր, որը կհաղթահարենք նոր հմտություններ ձեռք բերած

Աշխարհի բնականոն ռիթմը հանկարծ խախտվեց։ Փակ են կրթական հաստատությունները, առևտրի կենտրոնները, թանգարանները, խանութները, մարդկանց հորդորում են չօգտվել հանրային տրանսպորտից, չեղարկել հանրային միջոցառումները, մի խոսքով՝ կտրել բնականոն գործունեության շղթան։ Համաճարակի կարգավիճակ ստացած COVID-19 վիրուսը կատարում է այն աքցանի դերը, որը հանում է այս շղթայի օղակներից մեկը՝ պատճառ դառնալով համակարգի վնասման ու կաթվածահար անելով մարդու գործունեության բազում ոլորտներ՝ առաջարկելով մի շատ կարևոր և բարդ խնդիր՝ ինչպե՞ս ապահովել մարդկանց առողջությունը՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով սովորական կյանքից շեղման անկյունը։ Ու սա առաջարկում է երկընտրանք՝ մարդկային առողջությո՞ւն, թե՞ բնականոն կյանքի ապահովում։

Կրթության անընդհատությո՞ւն, թե՞ վարակի տարածման կանխարգելում․ ահա այս առաջարկված երկընտրանքն էր, որ ստիպեց մարտի 12-ից դադարեցնել բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը Հայաստանում։ Սակայն, երբեմն «երկընտրանքը» կարելի է ընկալել առաջարկված խնդիր, որը հնարավորություն է տալու համատեղել այս երկու բաղադրիչները։ Կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցմանը զուգահեռ՝ «Այբ» դպրոցը սկսել է գործարկել առցանց ուսուցման համակարգը՝ միաժամանակ ապահովելով աշակերտների և ուսուցիչների առողջությունն ու կրթության շարունակականությունը։

Ամեն օր հարյուրավոր աշակերտներ և ուսուցիչներ արթնանում են վաղ առավոտյան, պատրաստվում դասապրոցեսին և միանում առցանց դասերին՝ ինչպես միշտ 08:30-ին, աշխատում առանց հիմնական դասացուցակից ու դասերից շեղվելու։ «Բայց կարելի է չարթնանալ ու քնել մինչև կեսօր, հո չե՞ն գալու մեր տուն»։. «Դե քանի որ օնլայն ենք անելու դասերը, կարող եմ տնայինները չանել. միևնույն է չեն տեսնի»։ «Իսկ եթե ընդհանրապես չմիանամ ու իմ սիրած սերիալը նայե՞մ»։ Այս մտքերը կարող են ավելի հրապուրիչ թվալ, քան առավուտ շուտ արթնանալն ու մինչև 16:30 դաս անելը՝ չօգտվելով ծուլություն անելու բացառիկ հնարավորությունից։ Հենց այստեղ էլ երևում են աշակերտների և ուսուցիչների՝ այս մեխանիզմն իրականություն դարձնելու մեծ ցանկությունն ու պատասխանատվության զգացումը և ո՛չ պարտադրանքը կամ էլ բացակա ու ցածր գնահատական ստանալու վախը, որովհետև ինչպես «Այբ» դպրոցում, այնպես էլ «Այբ»-ի առցանց հարթակում չկան ջղային հոնքերով ու ամենուր աշակերտներին հետևող մարդիկ, որ ստիպողաբար նրանց տանեն դասարաններ։ Հենց սա է, որ հնարավոր է դարձնում հեռահար ուսուցման իրականացումն ու դասերի արդյունավետության մակարդակի բարձր լինելը, որովհետև հարյուրավոր աշակերտներ և տասնյակ ուսուցիչներ ամեն օր իրենց համար ստեղծում են ոչ թե պարտադրող, այլ պարտավորեցնող ու հաճելի մթնոլորտ։

Արվեստի դասեր, ֆիզկուլտուրա և առցանց ուսուցում։ Այո՛, այո՛, համաձայն եմ, որ մի քիչ անհամատեղելի են թվում, ես էլ էի այդպես կարծում, ու հենց սա է պատճառը, որ ճկունությունն ու նոր մարտահրավերներին հարմարվելու ունակությունը դառնում են առաջնային նախապայման այս հարթակի ու կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու համար։ Արվեստի և ֆիզկուլտուրայի առցանց դասեր, առցանց քննարկումներ ու խմբային աշխատանքներ, գրականություն և երկրաչափության գծագրերի ստեղծում, նախագծային ուսումնառություն և օլիմպիական խմբակներ։ Այս ամենի իրագործումն ապահովում է դասերի արդյունավետության և աշակերտների ներգրավվածության բարձր մակարդակը։

Հոգնածության մակարդակն անհամեմատ ավելի ցածր է, ու այս դեպքում մենք կարողանում ենք բավականին շատ ժամանակ խնայել՝ մոտ 2 ժամ, որը ծախսվում է առավոտյան դպրոց գնալու և վերադառնալու համար։ Ու թեև դասարաններն այժմ դատարկ են, բայց «Այբ» դպրոցում առցանց հարթակի գործարկումը թույլ է տալիս չխախտել կրթության անընդհատությունը՝ միաժամանակ ապահովելով ուսուցիչների և աշակերտների ինքնամեկուսացումն ու առողջությունը։

Եվ ինչպես Կամյուն է հորդորում, պարզապես պետք է հիշել, որ ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում ու անհետանում, որ այն տասնյակ տարիներ կարող է համբերատար սպասել ննջարաններում, նկուղներում, ճամպրուկներում և թաշկինակներում, և երբ դրանք նորից արթնանան, պետք է պարզապես պատրաստ լինել դրա առաջարկած խնդիրներին ու մարտահրավերներին՝ փորձելով երկընտրանքների առաջարկած ընտրանքները դարձնել համատեղելի միմյանց հետ։ Հենց սրա օրինակն է «Այբ» դպրոցի գործարկած առցանց ուսուցման հարթակը, որը, չնայած կորոնավիրուսի վտանգին, ինձ և հարյուրավոր աշակերտների հնարավորություն է տալիս շարունակելու ուսումնառության բնականոն ընթացքը։ Հայելիները, որտեղ կարող են արտացոլվել միայն առկա խնդիրները, ամբողջ «Այբ» համայնքի՝ աշակերտների, ուսուցիչների, անձնակազմի և ծնողների ջանքերով ու մեծ ցանկության շնորհիվ, դառնում են պատուհաններ՝ բացելով նոր իրականության սահմաններն ու խնդրի լուծման ճանապարհները։

Լանա Մելիքյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>