12-րդ դասարանցի Քսենյա Մուրադյանը՝ իր «ՊատերազմաՍեր» գրքի, սիրո ու անվերջության  մասին

«…Սրանք պատմություններ են, որտեղ շնչում, ապրում ու պատերազմում են ստվերները։ Պատմություններ են ստվերների մասին, ովքեր ստում են, ժպտում ու միշտ մեռնում։ Պատմություններ են , որոնք տիեզերքի սահմանից այս կողմում անվանում են կյանք, իսկ այն կողմում՝ չգիտեմ՝ ինչ։ Որովհետև մարդկային մտքի տաղտկալի վերջկոտությունը չկարողացավ հատել այդ սահմանն ու անունը դրեց անվերջ…»։

Բոլոր տեսակի պատերազմների մասին պատմող իմ գիրքը ցուցադրում է սիրո ներկայությունն ու նաև բացակայությունը՝ որպես բոլոր պատերազմների ողնաշար ու անքննելի էություն։ Պատերազմները, որ տիեզերքում են՝ ստվերների հետ, պատերազմները , որ սահմանին են՝ թշնամու հետ, պատերազմները, որ մայթերին են՝ պատահական անցորդների հետ, պատերազմները, որ բակում են՝ հարևանների հետ, ու պատերազմները, որ մեզ հետ են ու մեր մեջ, չե՛ն վերջանում, երբեք չե՛ն վերջանում…

«…Որովհետև աշխարհում այնքան մաղձ ու ատելություն կա, որ դրանք (պատերազմները) միշտ պիտի լինեն, որ մաղեն լավերին, վատերն ավելի փչանան, թշնամիներն ավելի թշնամանան, բարեկամներն ավելի բարեկամանան»։

Մեզ սեր է պետք, շատ ու իրական սեր, որ ցրի տանի վեր, ուրիշ աշխարհ…

Ամենաանկեղծ սրտով ուզում եմ, որ հավատաք տիեզերական անվերջությանը, բայց և չվախենաք բացահայտել նոր տիեզերքներ , որ հավատաք երազներին, բայց չվախենաք արթնանալ, որ վախենաք պատերազմներից, բայց չվախենաք պատերազմել։ Ու ամենակարևորը. ուզում եմ, որ ձեր աշխարհի առանցքի վրա միշտ գրված լինի ՍԵՐ, շատ ՍԵՐ, որ ցրի-տանի վեր, ուրիշ աշխարհ։

Վերջում.

«…Եթե աշխարհն իրոք կլոր է ու ունի առանցք,առանցքի վրա գրված է «ՊատերազմաՍեր», որտեղ, սակայն, «սեր» բառի համար հատկացված տեղը միշտ չի հերիքում…»։

Գրքի առցանց և ձայնագրված տարբերակները գտեք կից։ Սեղմում եք հղումի վրա ու թերթում աջ։

Քսենյա Մուրադյան

12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>