Տեղի ունեցավ 12-րդ դասարանցի Քսենյա Մուրադյանի «Պատերազմասեր» գրքի շնորհանդեսը

«Այդ բոլոր ազդակները ինձ տրված էին տիեզերքից, որ ես փոխանցեմ ձեզ»։

«Պատերազմասեր»․ տարօրինակ է հնչում։ Երկու ծայրահեղ տարբեր երևույթներ, որոնք, թվում է, երբեք մի բառի մեջ չեն կարող համադրվել։ «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Քսենյա Մուրադյանը, սակայն, նույն կարծիքը չի կիսում։ Հենց այդ բառն էլ դարձել է վերնագիր նրա պատմվածքների ժողովածուի համար։ «Պատերազմասեր»-ի՝ նրա առաջին գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Այբ» դպրոցում։ Նա մանրամասնեց պատմվածքների ու դրանց ձևավորման մասին, նկարագրեց իրեն գրողի դերում ու ներկայացրեց իր տպավորությունները, մտքերն ու հույզերը, իսկ նրա գրականության ուսուցչուհի Աստղիկ Կարապետյանն արտահայտեց իր կարծիքը Քսենյայի ստեղծագործության մասին։ Շնորհանդեսը վարում էր «Այբ» դպրոցի շրջանավարտ Էլլա Ավագյանը։

25 յուրատիպ պատմվածք, որոնցից յուրաքանչյուրն ունակ է ընթերցողի մեջ հույզերի տեղատարափ առաջացնելու։ Քսենյան պնդում է, որ պատմվածքների մեծամասնությունը չունի նախատիպ։ «Շատ հետաքրքիր զգացողություն կար, որովհետև ես չգիտեի, թե պատմվածքները որտեղից էին, բայց միևնույն ժամանակ դրանք ինձ շատ ծանոթ ու հարազատ էին»։ Հեղինակն այս «տարօրինակությանը» մոտենում է փիլիսոփայական տեսանկյունից՝ «Այդ բոլոր ազդակները ինձ տրված էին տիեզերքից, որ ես փոխանցեմ ձեզ ու դրանով ձեր կյանքում ինչ-որ բան փոխեմ»։ Նախատիպ ունեցող գրքերի շարքում են «Կախաղան»-ն ու «Երևանյան»-ը, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի առօրյան ու միջավայրը։ Պատմվածքներից «Հրաշամանուկ»-ի կերպարն էլ Քսենյայի 6 տարեկան կապուտաչյա եղբայրն է, ով սովորեցրել է նրան «երազել մի բանի մասին, որից պատկերացում անգամ չունես»։

Աստղիկ Կարապետյանը համոզված է, որ «Պատերազմասեր»-ը «մի շնչով չկարդալու գիրք է»։ Թեև գիրքը փոքր է ծավալով, գրքում երանգների և պատկերների փոփոխությունն ընկալելու համար անհրաժեշտ է այն ուսումնասիրել մաս առ մաս, առանց շտապելու։ Ուսուցչուհու համար անսպասելի չէր Քսենյայի գրելու որոշումը, սակայն խոստովանում է, որ «ձևաչափը, ստեղծագործության ծավալը և ասելիքի խորությունը հաճելիորեն զարմացրին իրեն»։

«Կյանքի հիմքում աղյուսել են սերն ու պատերազմն ու խառնել գդալով, վրայից համեմել»․ այս տողերը նույնպես պատկանում են Քսենյայի գրչին։ Այդ երկու երևույթները վերջինս համարում է իր կյանքի ներկա փուլում ամեն ինչի սկիզբը՝ ընդգծելով, որ մեկը ստեղծողն է, մյուսը՝ ավերողը։ Թե որը որն է, դեռ չի պարզաբանել իր համար։ Թվում է, թե տատանվելու կարիք չկա, սակայն հեղինակն այլ կերպ է մեկնաբանում․ «Պատերազմը պետք է սիրել, որպեսզի պատերազմդ իմաստ ունենա», և հավելում, որ «խոսքը միայն սահմանի պատերազմի մասին չէ, այլ քննաթերթիկի, հարևանի, տան անդամի ու ինքներս մեզ հետ պատերազմների մասին է»։

Ի՞նչ փոխեց գիրքը հենց Քսենյայի կյանքում։ Թեև նա դեռ շարունակում է վերստին վերլուծել իր պատմվածքներից յուրաքանչյուրը, այժմ վստահ է, որ «աշխարհն իրոք կլոր է ու ունի առանցք»։ Նա կարևորում է առանցքում հավասարակշռության պահպանումը։ Այս հարցում կարևոր են նաև բացասական երևույթները, օրինակ՝ ցավը։ «Գիրքը ցավի արդյունքում ծնվեց, որ բուժի այդ ցավը»,- նշում է Քսենյան։

Շնորհանդեսի ընթացքում Քսենյան ընդգծեց իր ընկերների՝ 12-րդ դասարանի աշակերտների մասնակցության նշանակությունը գրքի վերջնական ձևավորման հարցում։ Աննա Գրիգորյանը նկարազարդել է կազմը և ստեղծել գրքի ձայնային տարբերակը, որտեղ էլ հնչում են պատմվածքները Միլենա Մկրտչյանի ու Արամ Բարսեղյանի ընթերցմամբ։ Ստեղծագործությունները ձայնագրելը վերջինիս միտքն է։ «Երբ որ դու հասկանում ես, որ քո կողքին կան մարդիկ, ովքեր քեզ պատրաստ են իրոք անշահախնդրորեն օգնել, որ քեզնից շատ են ուրախանում, որ կիսում են քո հաջողությունները, դու հասկանում ես, որ դու երջանիկ մարդ ես», - ասում է Քսենյան։ Նախաբանը կարդում է դերասան, երգիչ Ավո Խալաթյանը։

«Ես սահմանին կանգնած չեմ, ու իմ արյունը սահմանին չի հոսում, բայց ես մարտիկն եմ իմ սեփական պատերազմի»․ գրքում տեղ գտած այս զինվորի մեջ Քսենյան ինքն իրեն է տեսնում։ Երբ պատերազմից հետո նրա հույզերն ու զգացմունքները հասան գագաթնակետի, ծնվեց այս գիրքը, որի շնորհիվ էլ նա խաղաղվեց։ Քսենյան միշտ վստահ է եղել, որ մի օր գիրք կգրի, սակայն գրելու առիթը, թերևս, երբեք չէր կարող պատկերացնել։ Հարցին, թե կշարունակի՞ արդյոք, դժվարացավ պատասխանել․ կյանքի իրադարձություններից է կախված։ Հույս ունի, որ հաջորդ գիրքը պատերազմի մասին չի լինի։

Վերջում Միլենան, ով մասնակցել էր ձայնագրքի ստեղծմանը, նշեց, որ «Պատերազմասեր»-ը մեծ նշանակություն ունի իր համար, ու հավաստիացրեց, որ գրքի միջոցով նա «կարողացավ գտնել ինքն իրեն»։ Շնորհանդեսն ավարտվեց բուռն ծափահարություններով։

Մերի Ղուլյան, 12-րդ դասարան

Գրքի առցանց և ձայնագրված տարբերակները գտեք կից։ Սեղմում եք հղումի վրա ու թերթում աջ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>