«Այբ»-ի ուսուցչուհին՝ միջազգային մրցույթի դափնեկիր

«Այբ» դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Կիմա Վանեսքեհյանը ևս երկու հայաստանցի ուսուցիչների հետ հայտնվել է «Закачай знания!» ուսուցչական վարպետության միջազգային մրցույթի եզրափակիչում։ Միջազգային այս մրցույթի նպատակն է զարգացնել ուսուցչական հմտությունները թվային գործիքների կիրառմամբ։

«Այբ» դպրոցի ուսուցչուհին այս մրցույթի դափնեկիր է եղել նաև անցյալ տարի։ Այս անգամ էլ Կիմա Վանեսքեհյանը «Закачай знания!» մրցույթի գիտության դեսպանն էր Հայաստանից։

«Այբ» դպրոցի ուսումնական գործընթացում ակտիվորեն կիրառվում են թվային գործիքները։ Այդպիսի փորձառության կարևորությունն ապացուցվեց համաճարակի պատճառով հեռավար ուսուցմանը սահուն անցնելու ժամանակ։ «Եթե ուզում ես լինել հետաքրքիր ուսուցիչ, եթե ուզում ես, որ աշակերտները չձանձրանան դասին և չխանգարեն իրար, պետք է ժամանակին համաքայլ լինես, - ասել է «Այբ» դպրոցի ռուսերենի ուսուցչուհին «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում։ - Երեխաները, որ գալիս են տարրական դպրոց, խելախոսներ ունեն ձեռքներին։ Իմ դիտարկումներից ելնելով՝ հասկացել եմ, որ այն դասը, որում երեխան գործածում է թվային տեխնոլոգիաներ, ավելի արդյունավետ է»։

Հարցազրույցում Կիմա Վանեսքեհյանը պատմել է, թե ինչպես «Այբ» դպրոցը, արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին, գործարկեց հեռավար ուսուցումը՝ օգտագործելով Microsoft Teams հարթակը։ Նա ընդգծել է նաև, որ առցանց դասերը բավականին արդյունավետ են անցնում, երեխաներին հետաքրքիր են, և նրանք ավելի են ներգրավվում գործընթացում, քան դասարանային դասի ժամանակ։

«Закачай знания!» մրցույթի եզրափակիչում են 14 երկրի 26 ուսուցիչ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա Մոսկվայում՝ աշխարհում համաճարակային իրավիճակի կարգավորումից հետո։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>