«Այբ»-ի շրջանավարտները՝ ամուր թիկունքում

«Այբ» դպրոցում համայնքի ժամին առցանց հյուրընկալել էինք 2014 և 2015 թթ․-ի շրջանավարտներ Ռիմմա Անանյանին և Դիանա Ղաբուզյանին։ Նրանք ներկայացրին «Այբ» շրջանավարտների համայնքի կատարած աշխատանքը պատերազմական շրջանում:

Դիանա Ղաբուզյանը նշեց, որ դեռ պատերազմի առաջին օրերին շրջանավարտների համայնքում անընդմեջ պտտվում էր այն հարցը, թե ինչ կարող են անել թիկունքում։ «Ծագեց մի գաղափար՝ ‘’Kids of Artsakh’’, որը վերածվեց նախաձեռնության։ Նախագծի նպատակն էր Երևանից դուրս բնակվող շուրջ 24000 արցախցի երեխաների հետ կապ հաստատել և նրանց հետ ժամանակ անցկացնել», - պատմեց Դիանան։ Աշխատանքի բերումով հանդիպումները կազմակերպվել են ազատ օրերին, իսկ հանդիպման հիմնական վայրերը Սևանն ու Դիլիջանն էին։ «Այբ»-ի շրջանավարտներն արցախցի փոքրիկներին սովորեցնում էին ազգային պարեր, նրանց հետ դիտում մուլտֆիլմեր, զրուցում էին, ծանոթանում ընտանիքի անդամների հետ։ «Արդեն ընկերներ ենք դարձել փոքրիկների հետ, այդուհանդերձ գիտակցում ենք նախագծի հիմքում ընկած մեծ պատասխանատվությունը։ Երեխաները սրտատրոփ սպասում են հանդիպումներին», - հավելեց Դիանան։ Շատ ընտանիքներ արդեն վերադարձել են հայրենի Արցախ։

«Մենք կշարունակենք մեր նախաձեռնությունը, քանի որ հստակ գիտակցում ենք արցախցի երեխաների հոգեվիճակը, նրանց ապրումները։ Սա դարձնում է մեր նպատակը էլ ավելի զգուշավոր և հեռանկարային։ Մեր թիմը ջանք չի խնայում, որ բացասական հիշողություններ ունենալու դեպքում երեխաների հոգում լինի մի փոքրիկ, բայց լուսավոր հուշ ևս», - եզրափակեց «Այբ» դպրոցի շրջանավարտ Դիանա Ղաբուզյանը։

Մեր շրջանավարտները ներգրավված էին նաև պատերազմի մյուս կարևոր դաշտում՝ տեղեկատվական հարթակում ևս իրականացնելով կամավորական աշխատանք։ «Օգտվում էինք պաշտոնական աղբյուրներից և հայերեն ու անգլերեն պաշտոնական տեղեկությունները թարգմանում ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, պարսկերեն, գերմաներեն, արաբերեն, կորեերեն, իտալերեն և անգամ չինարեն ու եբրայերեն», - պատմեց Ռիմման։ - Ցանկանում եմ նշել, որ ես «Այբ» համայնքի միակ ներկայացուցիչը չէի։ Օրինակ՝ գերմաներեն թարգմանիչը Վանե Անդրեսյանն էր, չինարենինը՝ Ինեսա Ալավերդյանը, իսկ Թալին Սաղդասարյանը մեծ աշխատանք է տարել անգլերեն նյութերի թարգմանության գործում»։

Հանդիպման վերջում «Այբ» համայնքը շնորհակալություն հայտնեց շրջանավարտների համայնքին կատարած կարևոր և արդյունավետ կամավորական աշխատանքի համար։

Կարինե Ավալյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>