Գյումրու կենտրոնում՝ Աբովյան փողոցում, թմբուկի զորեղ զարկով ազդարարվեց միջոցառման սկիզբը: «Հրայրք» ավանդական պարի խումբը երկու հրեղեն պար ցուցադրեց, որոնք հիացրին ներկաներին և գրավեցին քաղաքով քայլող անցորդների ուշադրությունը: «Հրայրքին» միանալով՝ բոլոր ցանկացողները ձեռք ձեռքի տված պարեցին «Սղերդի քոչարի» պարը: Պարի ոգեղենությունն ու ներկաների ոգևորությունը տարածվում էին Գյումրու ամբողջ հրապարակով. կենդանի երաժշտությունն ու միասնական պարը շարունակում էին ուշադրությունն ու հեռախոսների տեսախցիկները բևեռել պարողների վրա:
Շուրջպարից հետո երաժիշտներն ավանդական երաժշտությամբ առաջնորդեցին ներկաներին դեպի կինոթատրոնի շենք: Մինչ դասախոսության սկիզբը ներկաները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ակումբի գրառած 10 պարերի տպագիր կաքավագրերը։ Դրանց շարքում էին Կարնո, Ալաշկերտի և Սղերդի քոչարիները, որոնք դրանից քիչ առաջ պարել էին «Հրայրքը» և ներկաները։
Նախքան դասախոսությունը Գյումրու կոնսերվատորիայի ռեկտոր Հասմիկ Հարությունյանը փամփուշտներից պատրաստված հուշամեդալ շնորհեց Գագիկ Գինոսյանին՝ որպես հայ մշակույթի կոմիտասյան ավանդույթների հետևորդի և զարգացնողի: Ապա Գ. Գինոսյանը խոսեց պարերի դերի և կարևորության մասին, ներկայացրեց Ս. Լիսիցյանի՝ պարերի գրառումը հնարավոր դարձնող «Շարժումների գրառում» համակարգը։ Այնուհետև «Կաքավագիր» ակումբի անդամները խոսեցին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության և ակումբի գրանցած հաջողությունների մասին։ Ներկաները նաև ծանոթացան պարերի գրառման սկզբունքին և կաքավագրի բաղադրիչներին՝ ոտնահետքեր, զսպանակներ, ոտքեր, գլուխ, իրան ու ձեռքեր, երաժշտություն և ռիթմ։ Դասախոսության նպատակն էր մարդկանց հնարավորություն տալ ճանաչելու համակարգը, ուստի յուրաքանչյուր բաղադրիչի ուսումնասիրումից հետո ցանկացողները, օգտագործելով տեսական գիտելիքները, գրառում էին դրսում պարած Սղերդի քոչարու մի քանի տակտ: Երիտասարդների ակտիվությունն ու վառվող աչքերը անսահման ոգևորող էին: Դասախոսության ավարտին մեր և մասնակիցների համատեղ ուժերով բեմում ունեինք Սղերդի քոչարու գրառված մի հատված։
Դրան հաջորդեց հանդիսատեսի հետ ունեցած բուռն հարց ու պատասխանը: Հատուկ հյուրերին և առավել ակտիվ մասնակիցներին շնորհեցինք ակումբի նախորդ տարվա ձեռքբերումներից հիմնականը՝ «Պարագրաֆ» գրքույկը, որի ուսումնասիրումը հնարավորություն կտա առաջին քայլերն անելու պարերի գրառման պատասխանատու գործում կամ հաճելի հիշատակ կլինի մեր առաջին արտագնա դասախոսությունից:
«Կաքավագիր» ակումբ
Կիսվել