«Այբ»-ի աշակերտները թողարկեցին հայկական կաքավագրերի «Պարագրաֆ» գրքույկը

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Կաքավագիր» նախագծային ակումբի շնորհանդեսը։ «Պարագրաֆ»-ները՝ մեր ակումբի թողարկած ամսագրերը, պատրաստ էին, ինչպես և մեր կաքավագրերը։

Դասախոսությունը սկսվեց պարոն Գինոսյանի՝ մեր ակումբի ղեկավարի բացման խոսքով․ նա ներկայացրեց պարերի կարևորությունը և Սրբուհի Լիսիցյանի՝ շարժումների գրառման համակարգը։ Այնուհետև խոսքը փոխանցվեց մեզ՝ ակումբի անդամներիս։ Մենք պատմեցինք Սրբուհի Լիսիցյանի կենսագրության և մեր նախագծի ստեղծման մասին։ Ապա հյուրերի համար պարի բաց դաս անցկացրինք․ համակարգն ունի իր «այբուբենը» և հորիզոնական հետևյալ բաժանումները (ներքևից վերև)՝ «Ոտնահետքեր», «Զսպանակներ», «Ոտքեր», «Գլուխ, իրան, ձեռքեր», «Երաժշտություն և ռիթմ»։ Սա հայկական պարերին բնորոշ բաժանումն է։ Հենց այսպիսի հերթականությամբ մենք մանրամասն ներկայացրինք յուրաքանչյուր բաղադրիչը։ Հրավիրեցինք 3 մասնակցի՝ խաղալու մի խաղ։ Այդ խաղը մենք ինքներս փորձարկել էինք մեր դասերի ընթացքում։ Մի մասնակիցը ցույց է տալիս 3-4 շարժում, մյուսը գրառում է դրանք, մինչդեռ 3-րդ մասնակիցն այդ ընթացքում բացակայում է սենյակից և վերջում գալիս և ընթերցում է գրառված շարժումները՝ վերծանելով դրանք։ Արդյունքում նրա ցույց տված շարժումները պետք է լինեն ճիշտ նույնը, ինչ 1-ին մասնակցինը։ Մեր մասնակիցները հմուտ չէին և նոր էին ծանոթանում համակարգին, սակայն երեքի լավ աշխատանքի արդյունքում խաղը հաջողվեց։

Մի քիչ հանգստանալու համար մենք ունեցանք պարային դադար։ Որպես անակնկալ (անգամ ակումբի անդամների համար)՝ երաժշտական գործիքներով մտան դահլիճ «Կարին» երգի և պարի խմբի երաժիշտները։ Բոլորս կանգնեցինք՝ Կարնո քոչարի պարելու։ Կենդանի երաժշտության ոգեղեն հնչյունների ներքո պարն այլ էր թվում, այլ զգացողություն էր ստեղծվում․․․ Սրահը լցված էր գիտակցված ոգեղենությամբ։

Դասախոսության ամենակարևոր հատվածը՝ ուսուցողականը, թվում է, ավարտված էր, սակայն մենք մի անակնկալ էլ ունեինք։ Վերադառնալով մեր թեմային՝ խոսեցինք մեր նախագծի ընթացքի մասին։ Որպես մեր նախագծի և դասախոսության ամփոփում և վերջին կետ՝ մենք մանրամասնորեն քննարկեցինք «Մշո քոչարի» պարի կաքավագիրը, ապա սովորեցրինք այդ պարը և նորից բոլորս միասին պարեցինք։ Բայց էլ ի՞նչ միջոցառում առանց Մշո խըռի ու յարխուշտայի։ Խոսք տրամադրվեց ներկա գտնվողներին։ Հյուրերը ուսումնասիրեցին ցուցադրված կաքավագրերը, և յուրաքանչյուրն իր հետ տարավ մի «Պարագրաֆ» գրքույկ՝ մի մեծ բանի փոքրիկ սկիզբ։

Դիանա Ստեփանյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>