Այց Ջոտտոյի` Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարան

«Տեսողական արվեստ» դասընթացի շրջանակում «Այբ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներն այցելեցին Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան։ Աշակերտները նախ ծանոթացան Ջոտտոյի և նրա կնոջ աշխատանքներին, ապա շրջեցին «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան․ Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի սրահով։ Թանգարանը վերանորոգումից հետո վերջերս է վերաբացվել և աշակերտներին ընդունեց ժամանակակից լուծումներով ու նոր շնչով։

Առաջին հերթին արվեստասերները ծանոթացան Գևորգ Գրիգորյանի ստեղծագործական ոճին ու կենսագրական տվյալներին, որոնց կազմման մեջ իր մեծ ներդրումն ու դերն է ունեցել նրա կինը՝ Դիանա Ուկլեբան։ Աշակերտները հնարավորություն ստացան տեսնելու մեծ նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութերն ու անձնական իրերը։ Սրանք վառ կերպով արտահայտում են արվեստագետի անհատականությունը։ Սրահներից մեկում տեղ էին գտել նաև Դիանա Ուկլեբայի մի քանի կտավները, որոնք ևս առանձնանում են իրենց յուրօրինակությամբ։

Այցելության երկրորդ հատվածը պակաս հետաքրքիր և գրավիչ չէր։ Այն հնարավորություն տվեց աշակերտներին ծանոթանալու գրող, թարգմանիչ և հրապարակախոս Զաբել Եսայանի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև նրա ամուսնու՝ գեղանկարիչ Տիգրան Եսայանի ստեղծագործական ուղուն։ Այս ցուցադրությունը լավագույնս է արտացոլում Եսայանների ազդեցությունը հայ մշակույթի և արվեստի վրա։ Առավել հետաքրքիր է Զաբելի կերպարը՝ որպես պայքարող, խիզախ և հայրենասեր մի կին, ում կյանքը, սակայն, ողբերգական ավարտ ունեցավ հայրենիք վերադառնալուց հետո՝ Խորհրդային Հայաստանի բանտում:

Թանգարանային այցելությունն ամփոփվեց նամակագրությամբ․ աշակերտները Զաբել Եսայանին ուղղված նամակներ գրեցին՝ կիսելով իրենց տպավորությունն ու հիացմունքը։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց նաև այցից ստացած նոր գիտելիքը։ Հանդիպման ավարտին բոլորը լուսանկարվեցին, ինչը, անկասկած, լավ հուշեր է թողնելու բոլորի սրտերում։

Այսպիսով՝ սա մի ժամանակակից թանգարան է՝ դինամիկ մթնոլորտով, որը թույլ տվեց աշակերտներին նայել արվեստին և մշակույթին այլ տեսանկյունից, իսկ այբեցիներն էլ իրենց հերթին ստացան մեծ բավականություն և լիցքավորվեցին նոր ու պայծառ գաղափարներով։



Մարիամ Բաղդասարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>