Սեպտեմբերի 11-ին «Այբ»-ում առանձնահատուկ ջերմ մթնոլորտ էր։ Հյուրընկալել էինք Ջավախքի երեք դպրոցների ու Արագածոտնի մարզի Բերքառատ համայնքի դպրոցականներին։
Ճանաչողական այցը նախաձեռնել էին այդ համայնքների նախկին բնակիչներ Արմեն Ադամյանն ու Արա Կարապետյանը։ Նպատակն էր երևանյան եռօրյա շրջագայությամբ նպաստել երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց հասակակիցների հետ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը։
Ջավախքի և Արագածոտնի մարզի աշակերտներին ողջունեցին «Այբ» դպրոցի սաները, որոնք նրանց համար շրջայց կազմակերպեցին դպրոցի տարածքում։ Միասնական նախաճաշից հետո հյուրերին «Հայաստան» դահլիճում դիմավորեց դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։ Վերջինս մարզերի աշակերտներին պատմեց «Այբ»-ի ստեղծման պատմությունը, շեշտեց, որ «Այբ»-ը բոլորինն է և ստեղծվել է որպես ապագայի դպրոցի մոդել ամբողջ Հայաստանի համար։ Երեխաներն էլ պարոն Փախչանյանից հետաքրքրվեցին «Այբ»-ում սովորելու պայմանների, առօրյայի, ինչպես նաև առավելությունների ու դժվարությունների մասին։
Ջավախքի և Արագածոտնի աշակերտների հետ ճանաչողական հանդիպումն ավարտվեց ընկերական խմբակային լուսանկարով և ապագայում անպայման գործակցելու եզրեր գտնելու երկուստեք խոստումով։