Կայացավ «Սովորում եմ աշխատելով» աշխատափորձի ամենամյա տոնավաճառը

Աշխատանքի առցանց փորձառության հնարավորություն «Այբ» դպրոցի աշակերտների և շրջանավարտների համար։ Տեղի ունեցավ «Սովորում եմ աշխատելով» (Ayb Internship Fair) աշխատափորձի/փորձնակության ամենամյա տոնավաճառը։ Այն այս տարի անցկացվեց առցանց։

«Փորձնակության այս բաղադրիչը, որ ներդրվել է «Այբ» դպրոցում, կարևոր է այն առումով, որ միջոց է մասնագիտական կողմնորոշման համար։ Ոգևորիչ է, որ երեխաների ստացած գիտելիքները առարկայանում են փորձառության մեջ։ Ուրախ եմ, որ մեզ համար շատ դժվար տարին եզրափակվում է այս կարևոր միջոցառմամբ։ Վերահաստատելով մեր նպատակները, չնայած դժվարություններին՝ շարունակելով աշխատել՝ մենք ավելի ուժեղ ենք դառնում։ Սա էլ է փորձ», - միջոցառման առցանց բացման խոսքում նշեց «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։

Ծրագրի շրջանակում Հայաստանի առաջատար ընկերությունները կարճ դասընթացների և սեմինարների միջոցով ներկայացրին իրենց ոլորտները, կազմակերպությունների գործունեությունը, նաև տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ, մասնավորապես աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտությունների վերաբերյալ։

Աշակերտներին ներկայացնելով «Ամերիաբանկի» առաջարկած փորձնակության ծրագրերը և բանկի գործունեությունը՝ ներկայացուցիչ Օֆելյա Քամարյանն ընդգծեց «Այբ» դպրոցի հետ հնգամյա հաջողված գործակցությունը․ «Ուրախ ենք, որ կա նման կրթական հաստատություն, որտեղից որակյալ կադրեր են դուրս գալիս, մասնագիտորեն արդեն կողմնորոշաված։ Մեր լավագույն գործընկերներից է որակի հսկողության բաժնի աշխատակից Ֆելիքսը՝ «Այբ» դպրոցի շրջանավարտ։ Շատ ուրախ կլինենք, որ մեր շարքերը համալրեն նոր այբեցիներ»։

Այս տարի սեմինարներ անցկացրին նաև «Այբ» դպրոցի՝ Հայաստանում և արտերկրում սովորող և աշխատող շրջանավարտները, որոնց ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ուղղելու հարցեր համալսարանական կրթության վերաբերյալ, աշխատաշուկայում իրենց փորձն ունեցող շրջանավարտների հետ զրուցել մտահոգող թեմաների մասին։

«Այբ» դպրոցի 12-րդ դասարան փոխադրված Մարինա Քոչինյանը նշում է ծրագրի օգտակարության և կարևորության մասին․ «Բիոտեխնոլոգիայով եմ հետարքրքված։ Ուզում եմ շարունակել ուսումս ԱՄՆ-ում։ Սեմինարները հնարավորություն տվեցին լսելու և ուշադրություն դարձնելու կարևոր մանրուքների, որոնք չես կարող գտնել, նկատել գործատուի կամ ապագա համալսարանի տեղեկատվական նյութերում և կայքերում»։

«Սովորում եմ աշխատելով 2020»-ն ամփոփվեց հատուկ դասախոսությամբ։ Վարդան Վերդիյանը «Այբ»-ի աշակերտներին և շրջանավարտներին պատմեց արտասահմանում սովորելու առավելությունների, անհրաժեշտ քայլերի և այլ մասնագիտական հմտությունների մասին։

Վարդան Վերդիյանը եղել է 2006 թ. «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Առարկայական խորացված դասընթացներ» ծրագրի առաջին շրջանավարտներից։ Սովորել է Գերմանիայի Յակոբսի համալսարանում, ստացել բակալավրի աստիճան։ Ուսանողական տարիներին ներգրավված է եղել մաթեմատիկական բազմաբնույթ հետազոտական նախագծերում` Երևանի պետական համալսարանում, Ճշգրիտ և կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում, Մաքս Պլանկի մաթեմատիկայի ինստիտուտում և Յակոբսի համալսարանում: Այժմ սովորում է Կոռնելի համալսարանում՝ ֆինանսական մաթեմատիկայի ասպիրանտական ծրագրով:

«Սովորում եմ աշխատելով» տոնավաճառին մասնակցեց 12 կազմակերպություն, դասընթացները վարեց 12 շրջանավարտ։ «Այբ» դպրոցի աշակերտներից ու շրջանավարտներից շատերը հնարավորություն կունենան ամռանն այդ ընկերություններում աշխատանքային առցանց պրակտիկա անցնելու։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>