«Այբ» դպրոցում նշվեց անկախության 30-ամյակը

«Այբ» դպրոցում կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում Հայաստանի Հանրապետության 30-ամյակի առիթով։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով, ձայների ճնշող մեծամասնությամբ, քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար սեպտեմբերի 21-ը տոն է, քանի որ մենք՝ հայերս, դարերով ձգտել ենք հասնել անկախությանը և այսօր պատիվ ունենք ապրելու ազատ և անկախ հայրենիքում։

«Այբ» դպրոցում միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով և դրոշի բարձրացման արարողությամբ։ Միջին դպրոցի աշակերտները պատրաստել էին հետաքրքիր նյութեր անկախության տոնի պատմության և կարևորության մասին։ Փոքրիկները ներկայացրին ազգային խորհրդանիշների ՝ դրոշի, զինանշանի և օրհներգի խորհուրդը։

Շնորհավորական ուղերձով դիմեց համայնքին «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը ՝ անդրադարձ կատարելով մեր դարակազմիկ պատմությանն ու պատասխանատվությանը, պարտականություններին անկախության պահպանման գործում։

Էլ ի՞նչ այբական տոն առանց ազգային պարերի։ Աշակերտները, ուսուցիչներն ու աշխատակիցները պարեցին Մշո խըռ, Կարնո քոչարի և յարխուշտա։

Միջոցառումն ամփոփեցինք Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերման ֆլեշմոբով՝ ներկելով մեր ձեռքերի ափերը կարմիրով, կապույտով և ծիրանագույնով և դրոշմելով դրանք կտորի վրա։

Մենք պետք է թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։

Անահիտ Աբգարյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>