«Հավաքվենք դպրոցում». շրջանավարտների վերադարձը տուն

«Հավաքվենք դպրոցում»՝ արդեն իսկ ջերմ հիշողություններ են առաջ գալիս միայն վերնագիրը կարդալիս: Մենք` «Այբ»-ի շրջանավարտներս, և գալիք շրջանավարտները հավաքվեցինք մեր դպրոցում` վերհիշելու այբական տարիները: Այբական կամ շրջանավարտներիս համար արդեն տուն դարձած միջավայր, որտեղ բոլորիս զգացումները մեկտեղվում են: Միջոցառումը կազմակերպել և համակարգում էր «Այբ»-ի շրջանավարտների ակումբը՝ Լիլիթ Մհերյանի, Հակոբ Պետրոսյանի և իմ՝ Արևիկ Մելիքյանի գլխավորությամբ:

Օրը սկսվեց վիճակահանությամբ, և կազմվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի թիմերը: Բացման արարողությունից հետո սկսվեցին մարզական «առաջնությունները»: Մեզ էին միացել նաև ուսուցիչներ, աշխատակիցներ, իսկ «Այբ»-ի բարերարներից ամենամարզասեր Աշոտ Մկրտչյանը վոլեյբոլի աստղն էր: Ամենից թեժը ստացվեց ֆուտբոլի մրցապայքարը, որտեղ եզրափակիչ դուրս եկան շրջանավարտների միասնական թիմն ու 12-րդ դասարանցի տղաները: Հաղթեցին կրտսեր այբեցիները: Անկախ մրցումների արդյունքներից՝ օրը լի էր համերաշխ ու ջերմ, փոխգործակցող ու աջակցող այբական մթնոլորտով:

Ընթացքում պատասխանատուները զբաղված էին խոհանոցով և պատրաստում էին համեղ սենդվիչներ: Շրջանավարտները բերել էին իրենց հետ խորտիկներ և խաղում էին սեղանի ժամանցային խաղեր` վայելելով ավանդական դարձած UNO-ն:

Եղանակային պայմաններն անգամ չխանգարեցին, որ օրն ամբողջացնենք խարույկի շուրջ: Այստեղ ծավալվեցին բազմապիսի զրույցներ, երբ բոլոր շրջանավարտները հիշեցին դպրոցական տարիներին իրենց կատարած խենթությունները: Ավագ շրջանավարտները մինչև խարույկը հանգցնելը հղեցին իրենց ուղերձները կրտսեր սերունդներին: Իսկ օրն ամփոփվեց, իհարկե, ազգային երգ ու պարով:

Մենք վերցրինք մեզ հետ բոլոր դրական հիշողությունները և ավելացրինք նորերը՝ սպասելով այբական հիշողությունները հարստացնելու գալիք առիթներին:

Արևիկ Մելիքյան, 2022 թվականի շրջանավարտ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>