Օրերս Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «Diamond Challenge 2024» երիտասարդների ձեռնարկատիրական մրցույթի 2-րդ փուլը: Մրցույթին մասնակցում էին հայտ ներկայացրած և լավագույնը ճանաչված 10 նախագծերի հեղինակ թիմերը: «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը ևս հնարավորություն էր ստացել ներկայացնելու նախագիծ, որի շուրջ աշակերտներն աշխատել են ավելի քան 8 ամիս:
Ակումբը մրցույթին մասնակցեց «Powerfil Reduction of CO2 Emissions» («Ածխածնային արտանետումների կրճատում») նախագծով և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Դրանով գործարաններին առաջարկվում է համաշխարհային տաքացման պատճառ հանդիսացող ածխածնային արտանետումների խնդրին տալ լուծում նորարար մեթոդով։ Այն ենթադրում է գործարանային խողովակին կից ունենալ սարքավորման մոդել, որը սորբենտային համակարգի միջոցով պետք է կլանի ածխածնի երկօքսիդը: Սորբենտը նյութ է, որն ունի այլ նյութի մոլեկուլները հավաքելու և կլանելու հատկություն. այն իր նպատակին ծառայելուց հետո կարող է կիրառվել որպես շինանյութ կամ պարարտանյութ։
Կրկնակի ոգևորիչ է տեսնել, որ մրցույթում առաջին տեղ զբաղեցրած «ElectRoads» թիմում նույնպես ներգրավված է «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկը՝ Վիկտորյա Մամյանը, որն իր թիմի հետ հնարավորություն ստացավ մեկնելու ԱՄՆ՝ մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին։
Շնորհավորում ենք այբեցիներին հաջողությունների համար և մաղթում նոր ձեռքբերումներ: