«Այբ»-ի աշակերտները ստացան դիպլոմներ և պատվոգրեր Հայկական համադպրոցական գիտության փառատոնում հաղթելու կապակցությամբ: Փառատոնի մասնակիցներին պարգևատրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Հայկական համադպրոցական գիտության փառատոնին «Այբ»-ը ներկայացել էր նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի նախագծերով, որոնք էին՝ «Կենսապոլիմերային թաղանթի ստացման սարք», «Ռենեմասկ» և «Փաուերֆիլ»: Բոլոր երեք նախագծերն էլ արժանացել էին ժյուրիի գնահատականին և զբաղեցրել մրցանակային տեղ:
Կենսապոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծը հաղթող էր ճանաչվել, և նախագծի վրա աշխատող աշակերտները մայիսին մեկնելու են ԱՄՆ՝ ներկայացնելու Հայաստանը Regeneron International Science and Engineering Fair (ISEF)-ին, որն աշխարհի ամենամեծ գիտական մրցույթներից է։
«Կանաչ քիմիա» ակումբի աշակերտների նախագծած սարքը արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող և նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։ Ի դեպ, կենսաքայքայվող պոլիմերների ստացման եղանակի համար «Այբ»-ը 2019 թվականին ստացել է գյուտի արտոնագիր:
«Կանաչ քիմիա» ակումբի նախագծավարներն են Լիլիթ Համբարձումյանը, Լևոն Սարգսյանը, լաբորանտը՝ Ռուբեն Քերոբյանը։
Կիսվել