Մինչև հրաժեշտը դեռ մի քանի ժամ կա․ այբական կյանքի ամենավառ պահերը նախ պետք է վերհիշել տեսախցիկների առաջ։ Որպեսզի հույզերը հանդարտվեն, լավագույն միջոցը հումորի օգնությանը դիմելն է։ «Այբ»-ի շրջանավարտները նախ արվեստանոցում են հավաքվում՝ հիշում ու ծիծաղում, ապա տեղափոխվում գրադարան. այստեղ էլ ապագա բժիշկները, գիտնականները, նկարիչները, գրողները դերասանական վարպետությամբ ցուցադրում են, թե ինչպես էին անցնում դասերը, որոնց այնքան կկարոտեն արդեն մի քանի ժամից։
Օրը՝ հունիսի 29, 2019 թվական, վայրը՝ «Այբ» դպրոց․ 7-րդ սերնդի ավարտական արարողությունն է։ Դահլիճում են «Այբ»-ի հոգաբարձուների խորհուրդը, տնօրենները, բարերարները, ծնողները, աշակերտական համայնքն ու տասնյակ հյուրեր։
Բեմին «Այբ»-ի երգչախումբն է. Սրբոց Թարգմանչաց «Որք զարդարեցինն» շարականով սկսվում է հանդիսավոր արարողությունը։ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանն ընդգծում է Հայաստանն աշխարհում մրցունակ դարձնելու համար որակյալ կրթության կարևորությունը։ «Եվս մի սերունդ ճանապարհեցինք դեպի կյանք և մեր ուժերով հարստացրինք մեր երկիրը։ Կարծում եմ՝ երեխաների քանակով չի հաշվվում այդ հարստությունը, որովհետև ամեն մեկի մեջ անվերջ արժեք կա և ամեն մեկը պոտենցիալ ունի այս երկրի համար այնքան բան անելու, որ մենք չենք կարող անգամ պատկերացնել»։
«Այբ»-ի բարերար Արթուր Ջանիբեկյանը ևս բարի երթ է մաղթում իր բնորոշմամբ հայալեզու լավագույն դպրոցներից մեկի՝ «Այբ»-ի շրջանավարտներին՝ վստահություն հայտնելով, որ նրանց գիտելիքները կարևոր և օգտակար են լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում նորարարական փոփոխություններ անելու խիզախ գործում։ «Մեզ պետք է ձեր հայրենասիրությունը։ Այնպես է ստացվել, որ դուք ամենակարևոր սերուցքն եք՝ ժամանակի առումով, կրթության մակարդակի առումով, և թե ինչ եք դուք այսօր ձեզանից ներկայացնում։ Պահպանեք և զարգացրեք մեր հայկական ինքնությունը» ,- նշում է նա։
«Այբ» դպրոցն ավարտեցին 41 շրջանավարտներ։ Նրանք համալրեցին «Այբ»-ի շրջանավարտների մեծ համայնքն ու ընդգրկվեցին «Այբ»-ի մենտորության ծրագրում։ Նրանցից շատերին արդեն սպասում են աշխարհի լավագույն բուհերում։ Բայց մինչև այդ պետք է պարել ավանդական, միասնական և այբական փափուռին։