Մեկ օրով Մայր թատրոնի բեմը կապտազգեստ երիտասարդներինն էր։ Տեղի ունեցավ «Այբ» դպրոցի 9-րդ սերնդի ավարտական հանդիսությունը։ 49 շրջանավարտներ հանդիսավորությամբ ավարտեցին այբական գունեղ ճամփորդությունը և մուտք գործեցին մեծ կյանք։
Շրջանավարտներին բարի երթ մաղթեցին և դժվարին ժամանակաշրջանի խոչընդոտները հաղթահարելու խորհուրդներով ելույթ ունեցան «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, դպրոցի ՀԽ անդամ Անահիտ Ադամյանը, «Այբ»-ի բարերար Արտակ Հովհաննիսյանը։
Դպրոցից՝ շրջանավարտների համայնք՝ նորավարտ երիտասարդներին հենց բեմի վրա այբական մեկ այլ ճանապարհորդության հրավիրեց դպրոցի ՀԽ կազմում շրջանավարտների համայնքը ներկայացնող Արիս Բերբերյանը։ Տարվա շրջանավարտներ ճանաչված Գայանե Այդինյանն ու Սարգիս Սիմոնյանն էլ սերնդի անունից երախտիքի խոսքեր հնչեցրին «Այբ» ընտանիքի անդամներին, որոնց տված գիտելիքով, փորձառությամբ և հմտություններով զինված՝ հասնելու են երազանքների իրագործմանը և անպայման վերադառնալու են տուն՝ «Այբ»։
Այսպիսով՝ «Այբ»-ի մեծ ընտանիքը համալրվեց 49 պայծառ անհատականություններով, որոնք նույն օրը՝ արդեն դպրոցում կազմակերպված միջոցառման ընթացքում, ընդգրկվեցին նաև մենտորության ծրագրում և ստացան հավաստագրեր։ «Այբ» դպրոցի շրջանավարտների համայնքն այժմ ունի 419 անդամ։
Կիսվել