«Բարի ընթրիք»՝ HSBC-ի տնօրենի ու «Այբ»-ի 7 աշակերտների մասնակցությամբ

«Այբ» կրթական հիմնադրամի կարևոր նախագծերից է «Բարի ընթրիքը»։ «Բարի ընթրիքը» բարեգործական, շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակն է Հայաստանի մարզերի ու Արցախի տաղանդավոր երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տալը։ Հայտնի, ճանաչված, հետաքրքիր ու հաջողակ մարդկանց հետ բարեգործական հանդիպում-ընթրիք ունենալու համար անցկացվում է աճուրդ։ Աճուրդը շահած մասնակիցը նվիրատվություն է կատարում մարզերի ու Արցախի՝ Երևանի «Այբ» ավագ դպրոցում սովորող երեխաների կրթաթոշակների ու կացարանի համար և հանդիպում իր ընտրած հայտնի անձնավորության հետ:

Այսպիսի մի բարի ընթրիք էլ կազմակերպվեց HSBC ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի հետ։ Սա 2023 թվականի առաջին բարի ընթրիքն էր և հատկանշական էր նրանով, որ աճուրդը շահած մասնակիցը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը, հնարավորություն տվեց, որ իր փոխարեն հյուրի հետ հանդիպենք մենք՝ «Այբ» ավագ դպրոցի 7 աշակերտուհիներ։ Այս կարևոր նախաձեռնությանը միացավ նաև Արման Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում ծանոթացանք Իրինա Սեյլանյանի անցած ճանապարհին, ճարտարագիտությունից ֆինանսական ոլորտ տեղափոխվելու և Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) դասընթացները անցնելու փորձի մասին։ Բոլորս պատմեցինք մեր նախընտրած մասնագիտական ոլորտների մասին, որոնք շատ բազմազան էին՝ գիտություն, ճարտարապետություն, բժշկություն, բիզնես և մարկետինգ։ Շատերս ցանկանում ենք շարունակել մեր կրթությունը արտերկրում, նոր գաղափարներով վերադառնալ և վերակառուցել Հայաստանի տարբեր ոլորտները, ուստի չէինք կարող չխոսել մեր նպատակների, Հայաստանի կրթական համակարգի մասին։ Իրինա Սեյլանյանը հետաքրքիր զրուցակից էր, և ինձ համար շատ ուրախալի է, որ նա հետաքրքրված և ոգեշնչված էր նոր սերնդի գաղափարներով։

Տիկին Սեյլանյանի հետ խոսեցինք նաև ընտանիքի և անձի կարևոր հատկանիշների մասին:

Ընթրիքը տեղի ունեցավ «Անկյուն» ռեստորանում, որը նախագծի համար սիրով տրամադրել էին բարերարներ, «Այբ» համայնքի ներկայացուցիչներ Արտակ Գյուրջինյանն ու Լուսինե Միրզոյանը:

Իլոնա Արտազյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>