Հայտագրում․ «Գիտության  փառատոն» համադպրոցական գիտաժողովին

Հրավիրում ենք մասնակցելու «Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին «Այբ» դպրոցում (Երևան, Թբիլիսյան խճուղի 11/11)։

«Գիտության փառատոնին» կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական, միջին և ավագ դասարանների աշակերտները: Մասնակցությունն անվճար է: Հայտերը պարտադիր է գրանցել այս հղումով ։ Վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 10-ն է: Յուրաքանչյուր նախագծի համար անհրաժեշտ է գրանցել առանձին հայտ:

«Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովի մասնակցության հայտի ներկայացման ժամանակացույցը և կարգը.

  • Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական, միջին և ավագ դասարանների աշակերտները:
  • Գիտաժողովին մասնակցությունն անվճար է:
  • Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում կարող են դիտարկվել նաև անգլերենը և ռուսերենը:

Փառատոնը նախաձեռնվել և կազմակերպվում է գործընկեր դպրոցների հետ համագործակցությամբ, որոնք են․

  • ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց,
  • «Քվանտ» վարժարան,
  • Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոց,
  • «Ֆոտոն» վարժարան,
  • ՀՀ ԿԳՄՍՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ վարժարան,
  • Դ․Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց
  • «Երևակ» կրթահամալաիր
  • «Այբ» դպրոց։

Հետադարձ կապի համար

Էլ. հասցե՝ [email protected]

Հեռախոս` 077 503456

Գիտաժողովի նպատակները

Գիտաժողովի նպատակն է դպրոցականների շրջանում գիտական հետազո­տու­թյունների նկատմամբ հետաքրքրության մեծացումը և արժեքավոր կրթական փորձա­ռության փոխանակման միջավայրի ստեղծումը:

Գիտաժողովի խնդիրներն են բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրության խթանումը, ստեղծումը և ամրապնդումը` հնարա­վորություն տալով աշակերտներին`

  • ճանաչելու գիտական մեթոդի պիտանելիությունն ու սահմանափակումները և գնահատելու դրա կիրառելիությունը տարբեր բնագավառներում և առօրյա կյանքում.
  • ձեռք բերելու սեփական նորարարական նախագծային աշխատանքները ներկայացնելու և պաշտպանելու հմտություններ.
  • զարգացնելու գիտական մոտեցումներ` հստակություն և ճշգրտություն, անաչառություն, ամբողջականություն, հարցադրման ունակություն, նախաձեռնողականություն.
  • առավել տեղեկացված լինելու այն մասին, որ` գիտության կիրառությունը համագործակցային և կուտակային գործընթաց է, գիտության կիրառությունը կարող է որոշիչ լինել անհատի, հանրության և միջավայրի համար։
Գիտաժողովի անվանակարգերը

Գիտաժողովն անցկացվում է բնագիտական առարկաների անվանակարգերում.

  • քիմիա,
  • ֆիզիկա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն։

Գիտաժողովի կազմակերպչական և գիտական հանձնաժողովները կարող են սահմանել այլ անվանակարգեր` կախված ներկայացված աշխատանքների յուրահատկություններից:

Մասնակիցներին ներկայացվող պահանջները
  • Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթական հաստատությունների տարրական, միջին և ավագ (1-12-րդ) դասարանների աշակերտները:
  • Գիտաժողովին կարող են մասնակցել անհատական ​​կամ խմբային նախագծեր:
  • Գիտաժողովում նախագծերը կարող են ներկայացվել բանավոր կամ պաստառային զեկույցի տեսքով:
  • Գիտաժողովի մասնակիցը կարող է ներկայացնել միայն մեկ նախագիծ:
  • Գիտական ​​ղեկավարը կարող է ղեկավարել գիտաժողովին ներկայացված մեկից ավելի նախագծեր:
  • Ուսումնական հաստատությունը կարող է ներկայացնել մեկից ավելի նախագիծ ցանկացած անվանակարգում:
  • Յուրաքանչյուր նախագծում մասնակիցների առավելագույն քանակը՝ 5 հոգի։
  • Մեկ ելույթի տևողությունը՝ 7 րոպե, հարց և պատասխան՝ 3 րոպե։
Նախագծերին ներկայացվող պահանջները
  • Գիտաժողովին կարող են մասնակցել անհատական ​​կամ խմբային նախագծեր: Մասնակցելու համար մասնակիցները պետք է ներկայացնեն հետազոտական ​​նախագծի գրավոր զեկույց:
  • Ներկայացվող գիտահետազոտական ​​նախագիծը պետք է հիմնված լինի սեփական փորձնական աշխատանքների կամ տեսական վերլուծությունների վրա: Ներկայացված բոլոր հետազոտական նախագծերն աշակերտները պետք է ինքնուրույն կատարած լինեն: Աշխատանքի արդյունքը պետք է ստացած լինեն նախագծի հեղինակները: Այն դեպքում, երբ աշխատանքը կատարվել է գիտահետազոտական լաբորատորիայում, պետք է հստակ բացատրված լինի, թե որն է հեղինակների ներդրումն այդ աշխատանքում:
  • Բոլոր այն նախագծերը, որոնք զուտ տեղեկատվական հաղորդագրություններ են կամ գրականության վերացական ուսումնասիրության արդյունքներ, չեն ընդունվի գիտական հանձնաժողովի կողմից և չեն կարող մասնակցել գիտաժողովին:
  • Հետազոտությունները պետք է իրականացված լինեն աշխատանքային անվտանգության պահանջների պահպանմամբ, աշակերտների կյանքի և առողջության համար վտանգ չներկայացնեն, ինչպես նաև չվնասեն շրջակա միջավայրը:
  • Գիտաժողովի ցանկացած տեսակի (բանավոր և պաստառային) ներկայացման համար գրավոր զեկույցներում և բանավոր խոսքում անընդունելի է գիտական ​​կեղծիքը (գրագողություն, կեղծիք, այլ հետազոտության օգտագործում կամ ներկայացում և այլն առանց համապատասխան հղումների):

Գիտաժողովին ներկայացվող նախագծի գրավոր զեկույցի կառուցվածքը և ներկայացվող պահանջները
  • Գիտաժողովի մասնակցության հայտ ներկայացրած նախագծի գրավոր զեկույցը պետք է ձևակերպված լինի հեղինակների ինքնուրույն աշխատանքի արդյունքի վրա` գիտական մեթոդների կիրառմամբ, մեկ էջի սահմաններում (տեխնիկական պահաջները ստորև` հաջորդ բաժնում):
  • Գրավոր զեկույցում ուսումնասիրության առարկայի և խնդիրների արդիականությունը պետք է ներկայացված լինի տեղեկատվության տարբեր աղբյուրների, այդ թվում՝ գրքերի, գիտական պարբերականների և ամսագրերի, համացանցային աղբյուրների վերլուծությամբ: Բովանդակալից և արդյունավետ աշխատանք ունենալու համար հետազոտողները պետք է ուսումնասիրած լինեն ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ նախկինում արված հետազոտություններն ու եզրակացությունները, ներկայացնեն համապատասխան հղումները և դրանց համատեքստում հստակ ներկայացնեն իրենց նորարա­րությունը և նախագծի նպատակը:
  • Գրավոր զեկույցի տեսական մասում հեղինակները պետք է ձևակերպեն գիտական վարկած/խնդիր, որը ենթադրաբար կարող է ապահովել ուսումնասիրվող հարցի պատասխանը: Վարկածը պետք է լինի փորձարկելի, և հեղինակները պետք է ներկայացնեն գիտափորձ` նշված վարկածը հաստատելու կամ հերքելու նպատակով: Այնուհետև պետք է կատարվի արդյունքների վերլուծություն և ներկայացվեն համապատասխան եզրակացությունները:

Այսպիսով՝ գրավոր զեկույցի ձևաչափն ընդհանուր առմամբ պետք է ներառի հետևյալ բաժինները.

  • վերնագիր,
  • հեղինակ(ներ)ի անունազգանուն-հայրանունը,
  • գիտական ղեկավարի անունազգանունը,
  • տեղեկություն ուսումնական հաստատության մասին (քաղաք/գյուղ, անուն, թիվ և էլ. փոստի հասցե(ներ)),
  • ներածություն / տեսական վերլուծություն,
  • նպատակ,
  • վարկած/խնդիր,
  • հետազոտական մեթոդները և նյութերը / գիտափորձի անցկացման ընթա­ցակարգ,
  • սեփական փորձնական աշխատանքներից կամ տեսական հետազոտություն­ներից ստացված արդյունքների քննարկում/վերլուծություն,
  • եզրակացություն,
  • հետազոտողի և աջակցող անձանց ներկայացում,
  • օգտագործված աղբյուրներ։

Վերը նշված պահանջները չպահպանելու դեպքում գիտաժողովի մասնակցության հայտը կարող է մերժվել գիտական հանձնաժողովի կողմից:

Գիտաժողովին ներկայացվող նախագծի գրավոր զեկույցի տեխնիկական պահանջները բանավոր և պաստառային զեկույցների համար

Գրավոր զեկույցը պետք է ձևակերպված լինի հետևյալ տեխնիկական պահանջներով.

  • էջի չափսերը և դասավորությունը` A4 (210 x 297 մմ), վերև – 1,5 սմ, ներքև – 1,5 սմ, ձախ – 2 սմ, աջ – 1 սմ
  • Առավելագույն երկարությունը՝ մեկ էջ, տառաչափը՝ 11 կտ, տառատեսակը` Times New Roman, միջտողային տարածությունը՝ մեկ բացատ
  • Վերնագիր` անգլերեն, 12 կտ տառաչափով, մեծատառ, ոճը՝ թավ ուղիղ և կենտրոնացված
  • Հեղինակ(ներ)ի և ղեկավարի անունազգանուններ` լատինատառ, 12 կտ տառաչափով, մեծատառ սկզբնատառերով, ապա՝ փոքրատառ, ոճը` թավ, ուղիղ և կենտրոնացված
  • Տեղեկություններ ուսումնական հաստատության մասին` անգլերեն, 10 կտ տառաչափով, մեծատառ և փոքրատառ, ոճը՝ շեղ և կենտրոնացված
  • Բովանդակային հատվածի վերոնշյալ բոլոր բաժիններում առկա նշանները, նկարները, գրաֆիկները, սխեմաները, բանաձևերը պետք է լինեն միատեսակ:
  • Աղբյուրների հղումները բովանդակային մասի բոլոր բաժիններում պետք է նշվեն թվով` ուղիղ փակագծերում, օրինակ՝ [1]։ «Օգտագործված աղբյուրներ» բաժնում դրանք պետք է համարակալվեն գրավոր զեկույցում նշված հերթականությամբ և ներկայացվեն 9 կտ տառաչափով: Աղբյուրները պետք է ներկայացվեն հետևյալ ձևաչափերով։

Հոդվածի դեպքում՝ հեղինակ, վերնագիր, ամսագիր (շեղատառ), տարի (թավ տառերով), հատոր (թողարկման համար), էջեր։

Օրինակ՝

  1. Kim, S., Kim, K. H., Oh, C., Zhang, K., and Park, J. H. Artificial photosynthesis for high‐value‐added chemicals: Old material, new opportunity. Carbon Energy, 2022 4(1), 21-44.

Գրքի դեպքում՝ հեղինակ, վերնագիր (շեղատառով), հրատարակչություն, տարին (թավ տառերով) և հղվող էջ(եր)ը։

Օրինակ՝

  1. Jonathan Clayden, Nick Greeves, Stuart Warren. Organic Chemistry, 1st edit., Oxford University Press 2002, p. 498.

Գիտաժողովի նյութերի դեպքում` հեղինակ, զեկույցի վերնագիր, գիտաժողովի անվանումը (շեղատառերով), գիտաժողովի ամսաթիվը և վայրը, տարեթիվ (թավ տառերով), հղվող էջ(եր)ը:

Օրինակ՝

  1. Aleksanyan I.L. Sinthesis of new class of oxadiazoles on basis of quinoline acetohydrazides. . 5th Conference of the Armenian Chemical Society, Yerevan, Armenia, October 3-7, 2017, p. 37.

Կայքի դեպքում` կայքի հղումը և ձեր կողմից այն գործածելու ամսաթիվը (թավ տառերով):

Օրինակ՝

  1. https://www.intertek.com/chemicals/composition/ 16.09.2022

«Օգտագործված աղբյուրներ» բաժնի ընդհանուր տեսքի մի օրինակ

Օգտագործված աղբյուրներ

  1. Kim, S., Kim, K. H., Oh, C., Zhang, K., and Park, J. H. Artificial photosynthesis for high‐value‐added chemicals: Old material, new opportunity. Carbon Energy, 2022 4(1), 21-44.
  2. Jonathan Clayden, Nick Greeves, Stuart Warren. Organic Chemistry, 1st edit., Oxford University Press 2002, p. 498.
  3. Aleksanyan I.L. Sinthesis of new class of oxadiazoles on basis of quinoline acetohydrazides. . 5th Conference of the Armenian Chemical Society, Yerevan, Armenia, October 3-7, 2017, p. 37.
  4. https://www.intertek.com/chemicals/composition/ 16.09.2022
Գիտաժողովին ներկայացվող նախագծի պաստառի տեխնիկական պահանջները

Պաստառի չափսերը՝ A1 (594 x 841 մմ)

Գիտական պաստառների անվճար ձևանմուշներ ներբեռնելու համար կարող եք Google-ի որոնման ծառայությամբ որոնում կատարել scientific կամ research poster free template բառերով: Ահա՛ որոնման արդյունքի մի օրինակ.

https://www.posterpresentations.com/free-poster-templates.html

Ուղղորդող օրինակ կարող է լինել հետևյալ աղյուսակը։

Գիտաժողովում ներկայացվող ցուցադրական փորձնական աշխատանքների կառուցվածքը և պահանջները
  • Գիտաժողովի մասնակցության հայտ ներկայացրած ցուցադրական փորձերը պետք է լինեն հետաքրքրաշարժ և հանրամատչելի:
  • Ցուցադրական փորձերի զեկույցում պետք է ներկայացված լինի փորձի նպատակը և վերջինիս իրականացման եղանակի նկարագրությունը, բացատրությունը, ինչպես նաև հնարավոր կիրառական նշանակությունը:
  • Ցուցադրական փորձերի մասնակցության հայտ ներկայացրած զեկույցը պետք է լինի բանավոր, մեկ էջի սահմաններում և բավարարի պաստառային զեկույցներին ներկայացվող տեխնիկական պահանջները:
Մասնակցության ներկայացման հայտ
  • Գիտաժողովին մասնակցության հայտ ներկայացվում է առցանց` նշված հղման միջոցով: Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 10-ն է: Յուրաքանչյուր նախագծի համար անհրաժեշտ է գրանցել առանձին հայտ: Քննարկման ենթակա են միայն վերոնշյալ հղմամբ ներկայացված հայտերը:
  • Հայտը պարունակում է հակիրճ տեղեկություն ուսումնական հաստատության, նախագծի, նախագծի ղեկավարի, հետազոտողների վերաբերյալ, ինչպես նաև կցված գրավոր զեկույց:
  • Գիտաժողովի գիտական հանձնաժողովը կամ կազմակերպիչները կարող են մերժել հայտը, եթե այն չի բավարարում վերը նշված պահանջներին:
  • Գիտաժողովի շրջանակում իրականացվող միջոցառումների և ընթացիկ այլ մանրամասների մասին մասնակիցները կտեղեկացվեն իրենց գրանցման ժամանակ նշած Էլեկտրոնային հասցեով՝ [email protected] էլեկտրոնային հասցեից:
  • Գիտաժողովին մասնակցության հայտ ուղարկելով՝ հեղինակները և նրանց գիտական ղեկավարները համաձայնում են մրցույթի կազմակերպիչներին տրամադրել իրենց անձնական տվյալները՝ մշակելու, ինչպես նաև թույլատրում տպագիր և էլեկտրոնային եղանակով իրենց վերաբերյալ ամփոփագրեր և տեղեկություններ հրապարակել:
Խորհուրդներ մասնակիցներին

Սիրելի՛ մասնակիցներ, գիտաժողովների մասնակցության գրավոր զեկույցը կարճ փաստաթուղթ է, որը նպատակ ունի գրավելու Ձեր աշխատանքի հավանական ընթերցողի հետաքրքրությունը: Եթե ​​ գրավոր զեկույցը վատ է գրված կամ ունի բովանդակային անհամապատասխանություններ, ապա դա չի խրախուսի ընթերցողին ժամանակ հատկացնելու Ձեր աշխատանքը կարդալուն: Այսպիսով՝ գրավոր զեկույց գրելու առաջին կանոնն այն է, որ այն պետք է ներգրավի ընթերցողին` հակիրճ, բայց բովանդակալից ներկայացմամբ պատմելով նրան, թե ինչի մասին է ձեր աշխատանքը: Ներկայացվող գրավոր զեկույցի վերնագիրը նույնպես կարևոր է: Կարճ, ուշադրություն գրավող վերնագրերն ամենաարդյունավետն են: Վերնագրի պարագայում կարևոր է նաև, որ այն արտացոլի հենց այն թեման և բովանդակությունը, որն ամփոփված է նախագծում: Գրավոր զեկույցի ներածության / տեսական վերլուծության հատվածում պետք է հիմնավորեք Ձեր աշխատանքի արդիականությունը` պատասխանելով հետևյալ հարցերին։

  • Ի՞նչ արժեք ունեն Ձեր եզրակացությունները և ո՞րտեղ են օգտակար:

Ապա պետք է հստակ շարադրեք Ձեր աշխատանքի նպատակը, այնուհետև ներկայացնեք նպատակին հասնելու հետազոտական մեթոդ(ներ)ը/գիտափորձը և իրականացման ձևերը: Այնուհետև գրավոր զեկույցի արդյունքների քննարկման մասում պետք է հակիրճ նկարագրեք Ձեր ստացած տվյալների վերլուծությունը. կարևոր է, որ դրանք լինեն Ձեր իսկ սեփական փորձնական աշխատանքների կամ տեսական հետազոտությունների արդյունքները: Գրավոր զեկույցը պետք է ավարտեք եզրակացություն(ներ) անելով` ամփոփելով ստացված արդյունքները:

Խորհուրդ ենք տալիս համոզվել, որ գրավոր զեկույցը ներառում է հետևյալ հարցերի պատասխանները։

  • Արդյոք զեկույցը գրավո՞ւմ է ընթերցողի հետաքրքրությունը:
  • Արդյոք լա՞վ է գրված լեզվական, քերականական և այլ առումներով:
  • Արդյոք գրավո՞ւմ է ընթերցողին` պատմելով նրան, թե ինչի մասին է Ձեր աշխատանքը և ինչու է պետք այն կարդալ:
  • Արդյոք վերնագիրն արտացոլո՞ւմ է աշխատանքի թեման և բովանդակությունը:
  • Արդյոք զեկույցը հստակ արտահայտո՞ւմ է աշխատանքի նպատակն ու դրանից բխող խնդիրները:
  • Արդյոք բացատրվո՞ւմ է, թե ինչպես է կատարվել հետազոտությունը:
  • Արդյոք զեկույցում քննարկվում ու վերլուծվո՞ւմ են ստացված արդյունքները:
  • Արդյոք Ձեր ստացած արդյունքներն արժեք ու օգտակարություն ունե՞ն:
  • Արդյոք զեկույցը տալի՞ս է արդյունքների հակիրճ ամփոփում- եզրակացություն:
  • Արդյոք բավարարո՞ւմ է գիտական հանձնաժողովի ներկայացրած վերոնշյալ բոլոր պահանջներին:
Համադպրոցական գիտաժողովի գիտական հանձնաժողովի կազմում են՝
  1. Սամվել Պիպոյան, կենս․ գիտ․ դոկտոր պրոֆեսոր, ԵՊՄՀ Կենսաբանության, քիմիայի եւ նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
  2. Արսեն Առաքելյան, մոլ. եւ բջջ. կենս. գիտ. դոկտոր ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն
  3. Լիդա Սահակյան, քիմ. գիտ. դոկտոր պրոֆեսոր, ԵՊԲՀ Դեղագիտության ամբիոնի վարիչ
  4. Արմեն Գալստյան, քիմ. գիտ. թեկնածու ԵՊՀ, Քիմիայի ֆակուլտետի փոխդեկան
  5. Հայկ Միրզոյան, բժկ. գիտ. դոկտոր, Երեւանի Ավագանու Մշակույթի, Կրթության և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ դասախոս,
  6. Գագիկ Գրիգորյան, ֆիզ-մատ. գիտ. թեկնածու, հանրապետական և միջազգային օլիմպիադայի ֆիզիկայի թիմի ղեկավար, «Այբ» և ֆիզմատ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչ
  7. Արմեն Ծատուրյան, մանկ. գիտ. դոկտոր , ՀՀ ԿԳՄՍՆ «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ, Վանաձորի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դասախոս
  8. Սիլվա Խրիմյան, մանկ, գիտ․ թեկնածու, դոցենտ, ՀՊՄՀ դասախոս

Կիսվել

Tweets by AybSchool
>