«Այբ» համայնքի անդամները բացառիկ հնարավորություն ունեցան առցանց հյուրընկալելու Դիզայնի եվրոպական ինստիտուտի (Istituto Europeo di Design) պրոֆեսոր, գեղարվեստական տնօրեն Ջովանի Օտոնելոյին։ Մասնագետն աշակերտների հետ կիսեց իր փորձը, տվեց խորհուրդներ և բացահայտեց նորաձևության աշխարհը նորովի։
Մեզ հանդիպած երբևէ ամենաոճային սահիկաշարի օգնությամբ նա ներկայացրեց ինքդ քեզ ու քո ոճը գտնելու բանաձևը։ Նորաձևության աշխարհն այնքան պարզ չէ, որքան թվում է։ Դրանում գործունեություն ծավալելիս հաջողություն գրանցելու համար շատ կարևոր է հասկանալ ինքդ քեզ։ Այդ հարցում, ինչպես նշեց մասնագետը, կարող են օգնել, օրինակ, այսպիսի հարցեր՝ «Եթե ես լինեի գույն, ո՞րը կլինեի» կամ «Ո՞րն է հենց իմ երաժշտությունը»։ Նմանատիպ հարցերի միջոցով կարելի է բացահայտել մեր ճաշակն ու ներքին մղումները նորաձևության ոլորտում։
Բացի դրանից, շատ կարևոր է գիտակցել, որ այս ոլորտում իսկապես հաջողելու համար անհրաժեշտ է մեծ ներանձնային աշխատանք տանել։ Հասկանալու համար արժե մտորել այն մասին, թե ի՛նչ ենք մենք անում աշխարհին օգնելու համար, որքա՛ն ջրային ռեսուրս ենք ծախսում ամեն օր, արդյո՞ք մենք ունենք գաղափարներ, որոնք կարող ենք ներկայացնել աշխարհին։ Առաջին հայացքից նորաձևության հետ աղերսներ չունեցող հարցերի պատասխանները գտնելը լավագույն ճանապարհն է այս ոլորտում։
Երբ դու արդեն գտել ես այս հարցերից գոնե մի քանիսի պատասխաններն ու կարծում ես, որ քո ապագան պետք է կապ ունենա այս ոլորտի հետ, ժամանակն է գործի անցնելու։ Որտեղի՞ց սկսել։ Ջովանի Օտոնելոն «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին ներկայացրեց գրավիչ ու հաջողված թղթապանակ ստեղծելու միջոցները։ Հատկանշական է, որ աշակերտներից շատերը երազում են հետագայում իտալական, իսպանական, ֆրանսիական նորաձևության դպրոցներում կրթություն ստանալու մասին։ Հետևաբար մասնագետի օգնությամբ մեր ստացած հմտությունները՝ թղթապանակ ստեղծելու համար, իսկապես շատ օգտավետ էին։
Շատ կարևոր է նաև այն, որ մասնագետի խոսքերը բոլորիս շահադրդում էին ոչ միայն մեկ, այլ հնարավոր բոլոր ոլորտներում ջանալու և առաջընթաց գրանցելու։ Այս հանդիպումը մեզ ընձեռեց հնարավորություն՝ մեկ ժամով կտրվելու մեր մոխրագույն աշխարհից և հայտնվելու գույների աշխարհում, որտեղ ամեն բան հնարավոր է, միայն թե լինի հոգուց բխող անկեղծ ցանկություն։ Հիմա մենք գիտենք ինչպես աշխատել այդ բազմերանգ աշխարհը մեր իրականը դարձնելու համար։
Նարե Սուքիասյան, 12-րդ դասարան
Կիսվել