Գերմաներենի դասավանդման խնդիրներին նվիրված միջազգային համաժողով «Այբ»-ում

«Այբ» դպրոցում հյուրընկալեցինք «Նորարարական դասագրքերը որպես գերմաներենի դասավանդման հաջողության բանաձև» խորագրով միջազգային համաժողովը, որի կազմակերպիչն էր Գերմաներեն դասավանդողների հայաստանյան միությունը։ Համաժողովն անցկացվում էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո և նվիրված էր ՀՀ և ԳԴՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Երկօրյա համաժողովը բացեց «Այբ» դպրոցի աշակերտների ու շրջանավարտների երգչախումբը, ազգային պարերով հանդես եկավ պարախումբը։ Համաժողովին ներկա էին Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, դեսպանության աշխատակիցներ։ Բացառիկ դասախոսություններով հանդես եկան Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Հերման Ֆունկը, Մարտին Լյութերի անվ․ համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Հանս Յոախիմ Զոլմսը, Հայաստանում արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի ղեկավար Իրիս Զոննենբուրգը, Վրաստանի Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Փաթի Ռամիշվիլին, Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ԳԱՖԾ-ի դասախոս Աննեգրետ Բայերը, Երևանի պետական համալսարանի դոցենտ, բ.գ.թ. Կարինե Հովհաննիսյանը և ավագ դասախոս Ռուզաննա Կարապետյանը:

Հատուկ աշխատարաններում համաժողովի բանախոսները նախօրոք գրանցված մասնակիցներին ներկայացրին բանախոսություններ: Քննարկեցին արդի գերմաներեն դասագրքերը, վերլուծեցին գործող և նորարական դասագրքերը։ Համաժողովում հնչեցին դրանցով աշխատելու մոտեցումների վերաբերյալ առաջարկներ։ Հանդիպումն ավարտվեց Երևանի պետական սիմֆոնիկ քառյակի համերգային կատարմամբ:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>