Մենք եղբայր ու քույրեր ենք՝ Արամը, Սաթենիկը, Տաթևիկը և ես: Լիլիթն ու Տիգրանը փաստացի թիմում չեն, բայց մեր ամենասրտակից թիմակիցներն են՝ մեր հրաշալի վեցյակի 4-րդն ու 6-րդը:
Այս պատմությունը պտտվում է մեր 5-րդի՝ Արամի շուրջը: Հենց նա է տատիկ-պապիկի «թոռնիկական» թիմը վերածել «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթին մասնակցող թիմի՝ տալով մեզ, կարծում եմ, բավական հաջողված անուն՝ «Խոսք խոսքի». կարճ և բովանդակալից:
Մեր նշանաբանն է՝ «Խոսք խոսքի որ տանք, սարեր շուռ կտանք»: Անշուշտ, լսել եք սարեր շուռ տալու «մեջք մեջքի» տարբերակի մասին ևս: Բայց այսօր դարը խոսքինն է:
Մենք լավ գիտենք խոսքի արժեքը՝ բառի բուն և փոխաբերական իմաստներով: Արամի խոսքը մեր մեծ ընտանիքի անսահման սիրո, ջանքի ու նվիրումի պտուղն է: Արամը լսողական խնդիր ունի: Այդ մասին իմացել ենք, երբ նա 9 ամսական էր և, բնականաբար, դեռ խոսել չգիտեր: Ու եթե մի պահ պատկերացնենք ուղիղ կապը լսելու և խոսելու միջև, պարզ կտեսնենք, որ եթե նա շարունակեր չլսել, չէր էլ խոսի: Գուցե խոսեր ժեստերի լեզվով... բայց ո՞ւմ հետ: Մեզանից ոչ մեկը չգիտեր ժեստեր, Հայաստանում ընդհանրապես քչերը գիտեն այդ լեզուն: Մեր ընտանիքը որոշեց գնալ դժվարագույն, բայց հնարավոր ճանապարհով՝ խոսել սովորեցնել Արամին:
Դա հնարավոր եղավ «Արաբկիր» բժշկական համալիրի հիանալի թիմի մասնագիտական աջակցության շնորհիվ: Բժիշկները, սուրդոմանկավարժը, աուդիոլոգը, երաժշտական թերապիայի մասնագետն արեցին անհնարինը. Արամը սկսեց խոսել:
Լսողական խնդիր ունեցող երեխաների խոսքի զարգացման նվիրյալ աշխատանքը մասնագիտական նրբություններ ունի, որոնք տեսանելի են միայն դրանց առնչվողներին: Հենց այդ նրբություններից մեկին է որոշել անդրադառնալ Արամը՝ մտածելով օգտակար լինել իր նման փոքրիկներին և նրանց ընտանիքներին: Խոսքը սուրդոմանկավարժական աշխատանքի ժամանակ օգտագործվող երաժշտական գործիքների, հատուկ ձայնային խաղալիքների, ուսուցողական նյութերի, ծնողական օրագրի և մեթոդական ձեռնարկների փաթեթի մասին է: Առաջին փուլում այն ուղղված է ոչ խոսքային, ապա նաև խոսքային ձայների ընկալման զարգացմանը: Եթե բաց թողնվի այդ փուլը, աուդիոլոգը չի կարող ճիշտ կարգավորումների բերել լսողական սարքը, և կիջնի դրա արդյունավետությունը: Հենց այս փաթեթի մեթոդական մշակմանը, սուրդոմանկավարժների անհատական տարբերակների միատեղմանը և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներին այն առաջարկելուն է ուղղված մեր ծրագիրը:
Մենք կանենք առավելագույնը՝ գաղափարն իրագործելու և զարգացնելու համար: Ունենք մտքեր, որոնցով, կարծում ենք, հնարավոր կլինի այն դարձնել ավելի պահանջված ու կենսունակ: «Սերունդ առանց սահմանների» մրցույթը մեր այս երազանքի հետևից գնալու առաջին հնարավորությունն է:
GenU-ն նախաձեռնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, մրցույթի կազմակերպմանը միացել են նաև UWC Dilijan քոլեջը և «Այբ» կրթական հիմնադրամը: Նպատակն է 10-ից 24 տարեկան երեխաների և երիտասարդների համար կրթության, վերապատրաստման և զբաղվածության ընդլայնված հնարավորություններ ստեղծել։
Առցանց ձևաչափով մրցույթին մասնակցում է հայաստանյան 12 թիմ տարբեր մարզերից։ Հինգ լավագույն թիմերը կստանան 1000-ական ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ 2020 թվականի երկրորդ կեսին իրենց նախագծերն իրականացնելու համար: Մրցույթի երկրորդ փուլում առավել խոստումնալից և հեռանկարային երկու թիմ կմեկնեն ԱՄՆ՝ ներկայացնելու իրենց նախագծերը համաշխարհային մրցույթին:
Շնորհակալ ենք մեզ ընտրելու և վստահելու համար, մեզ սովորեցնելու, ինքնուրույն, մտածող, փնտրող, քննարկող, բանավիճող, միասին աշխատող, վստահ ու ներկայանալի դարձնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք անել դա ճիշտ այնպես, ինչպես կարողացել ենք մասնակցել Արամի խոսքի զարգացման բարդագույն գործին: Նաև անչափ ուրախ եմ, որ գեղեցիկ ու օգտակար այս ծրագրին միացել է նաև իմ հարազատ կրթօջախը՝ «Այբ»-ը, որին շնորհակալ եմ լինելու միշտ և ուր վերադառնալու եմ բոլոր առիթներով ու առանց առիթի... պարզապես սիրելով:
Մարիամ Ղազարյան
«Այբ» դպրոցի շրջանավարտ
Կիսվել