Այբապատում  2022․ ուղղությունը դեպի Գեղարքունիք

«Այբապատում» նախագծի շրջանակում, որի նպատակը «Այբ»-ի գաղափարախոսությունը Հայաստանի տարբեր շրջաններում տարածելն է, «Այբ» ավագ դպրոցի 10 աշակերտներ ուղևորվեցին Գեղարքունիք մարզի Գեղարքունիք գյուղ: Տեղի դպրոցի աշակերտները մեզ դիմավորեցին մեծ խանդավառությամբ. տարրական դասարանների աշակերտները երգեցին մեզ համար և փուչիկներ նվիրեցին մեզ: Ապա ունեցանք շրջայց դպրոցով։ Նախ տեսանք դպրոցի ռոբոտաշինության դասասենյակը և երեխաների պատրաստած եռաչափ առարկաները, ապա «Այբ»-ի 11-րդ դասարանի աշակերտներ Վիկտորյա Նավասարդյանը և Աննա Մխիթարյանը «դասավանդեցին» կենսաբանություն առարկան 8-րդ դասարանցիներին։ Դասն անցավ շատ հետաքրքիր և փորձերով լի, իսկ մյուս աշակերտները մասնակցեցին դասապրոցեսին իրենց հասակակիցների հետ:

Այնուհետև մենք գնացինք ճաշարան և համտեսեցինք Գեղարքունիքի ավանդական կերակրատեսակները՝ սիրով և հոգատարությամբ պատրաստված: Հետո այցելեցինք հուշակոթող՝ սարի գլխին, և գյուղի 7-8-րդ դասարանների աշակերտները մեզ ցուցադրեցին փոքրիկ կատակ-ներկայացում՝ գյուղի բարբառով:

Օրվա գեղեցիկ ավարտին հավաքվեցինք դպրոցի բակում, խարույկի շուրջ պարեցինք ազգային պարեր և ճաշակեցինք փռի կարտոֆիլ: Այդ ընթացքում գնացինք դպրոցից ոչ հեռու գտնվող անասնապահական գործարանը, որտեղ ձի վարեցինք:

Դպրոցից ուղևորվեցինք մեզ հյուրընկալող գրկաբաց ընտանիքներ, որոնց ջերմությունը և բարությունը ողողեցին մեր հոգիները: Մենք գիշերն այնտեղ մնացինք, և թե մեր, թե նրանց ոգևորությանը չափ չկար:

Հաջորդ օրը դասերի սկսելուն պես բոլոր աշակերտները վարեցին իրենց նախատեսած դասերը՝ հարց ու պատասխանով, փորձերով, խմբային խաղերով, և 6-8 տարեկան երեխաների հետ խաղացին մտավոր թվաբանության խաղ-մրցույթ, որը բավականին հետաքրքիր և մարտահրավերային էր: Մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ ուղևորվեցինք «Աժդահակ» բնապահպանական էկոակումբ, որտեղ գյուղի երեխաներն անցկացնում են իրենց ազատ ժամանակը՝ գործում, կարում և պատրաստում այլ ձեռագործ աշխատանքներ: Այստեղ նրանք սովորեցրին մեզ որոշ հմտություններ և խաղացինք տարբեր ժամանցային խաղեր: Այստեղից ուղևորվեցինք դեպի դարբնոց և մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ հետևեցինք, թե ինչպես դարբինը կռեց երկաթը:

Այսպես ավարտվեց մեր տպավորիչ ճամփորդությունը դեպի Գեղարքունիք, և արդյունքում ստացանք ու փոխանցեցինք հետաքրքիր փորձ ու հմտություններ, շփվեցինք և ծանոթացանք նոր մարդկանց հետ և ձեռք բերեցինք նոր ընկերներ:

Մանե Եղիազարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>