«Այբ»-ը համայնք է, սեր, դրայվ ու հնարավորություն․ Գայանե Այդինյան

Գայանեն «Այբ»-ի 12-րդ դասարանի աշակերտ է։ Հետադարձ հայացք նետելով «Այբ»-ում անցկացրած գրեթե երեք տարիներին՝ նա պատմում է, թե ինչպես են իրեն փոխել այբական սկզբունքներն ու արժեքները, որտեղ է իրեն տեսնում ապագայում և որն է համարում իր ամենամեծ ձեռքբերումը։

Եթե անգամ արտասահմանում սովորեմ, վերադառնալու եմ Հայաստան: Որոշել եմ դառնալ արհեստական բանականության գիտնական՝ մարդկանց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու և ՀՀ-ում գիտության՝ մեծ պահանջարկ ունեցող այս ուղղությունը զարգացնելու համար։

Լինելով արմատներով Արցախից ու ականատես լինելով այն պատմությանը, որ հիմա կերտվում է բոլորիս աչքերի առաջ՝ ինքս ինձ ու ընտանիքիս խոսք եմ տվել անմասն չմնալ ու դարձնել Հայաստանի Հանրապետությունն այնքան հզոր, որ ապագայում ոչ մի պետություն չհամարձակվի անգամ մեր դեմ դուրս գալ, իսկ միջազգային հանրության համար մեր ձայնն ավելի լսելի դառնա։

Մեկ դպրոց՝ 8 սկզբունք

Չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան է «Այբ»-ն ինձ փոխել։ «Այբ»-ի աշակերտի 8 սկզբունքները դարձել են առօրյայիս, արժեհամակարգիս անբաժանելի մասը։ «Այբ»-ի շնորհիվ եմ ես հղկվել ու կերտել այն «ես»-ը, որ պայքարում է մինչև վերջ։

Կայուն քայլերով առաջ

Առաջին երգը, որի և՛ երաժշտության, և՛ բառերի հեղինակը ես եմ եղել, գրել եմ 2017 թվականին։ Երգս կոչվում է вм և առաջին հերթին հիշեցում է ինքս ինձ՝ երբեք չհանձնվելու և, հետ նայելու փոխարեն, կայուն քայլերով առաջ շարժվելու։

«Այբ»-ում որպես արվեստի ուղղություն ընտրեցի երաժշտախումբը, և իրականացավ իմ վաղեմի երազանքներից մեկը՝ սեփական խումբ ունենալու ցանկությունը։ Կարևոր է նշել, որ խմբում հասցրել եմ թե՛ վերափոխել մարդկային հատկանիշներս, թե՛ ընդլայնել երաժշտական գիտելիքներս։ Ամենաշատը հպարտանալու տեղիք է տալիս 2020 թվականին մեր խմբի՝ «Battle of Evermore»-ի հրապարակած փոդքաստների շարքը։

«սաTurn»՝ նոր կրթական շարժում

Բայց թերևս իմ գրանցած մեծագույն հաջողությունն եմ համարում «սաTurn» նախաձեռնության հիմնումը «Այբ»-ում ձեռք բերած 4 ընկերներիս՝ Լուիզայի, Սիլվիի, Էլենի ու Լիլիթի հետ։ Շուրջ 6 ամիս մտորումներից ու գաղափարական հստակեցումներից հետո՝ 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին, ստեղծվեց կրթատիեզերական այս նախագիծը, որի նպատակն է հայալեզու ռեսուրսների ավելացումը, լրացումը, հայերի շրջանում կրթվածության մակարդակի բարձրացումն ու միջազգային մակարդակի կրթությունը Հայաստանի Հանրապետություն ներմուծելը՝ հիմնվելով փորձի ու գիտելիքների փոխանակման վրա։ Հարկ է նշել, որ «սաTurn»-ը հաջողել է 2020 թվականի մարտին լույս տեսած, բայց դեռ իր վերջնարդյունքին չհասած «Party Gone Wrong» խաղի շնորհիվ, որի մասին կլսեք շատ շուտով ։) Հենց «Party Gone Wrong»-ի միջոցով եմ հանդիպել այն «համախոհներին», որոնց շնորհիվ էլ 5 այբեցիներիս սկսած «կրթական շարժումը» հասավ իր վերջնակետին։

Վերջում կասեմ միայն մի բան․ պատիվ ունեմ «Այբ» համայնքի մի մասը լինելու և վստահաբար կարող եմ ասել, որ «Այբ»-ն իմ հաջողության ճանապարհն է ապագայի ուժեղ և ստեղծագործ Հայաստանում։

Գայանե Այդինյան

12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>