Մահազդ. Ի հիշատակ սիրելի ուսուցիչ Գագիկ Գրիգորյանի

Խոր վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է սիրելի ուսուցիչ, գործընկեր ու գիտնական Գագիկ Գրիգորյանը: Մարդ, ով մեծ ներդրում ունի մեր երկրի կրթության ու գիտության զարգացման մեջ: Մարդ, առանց որի չէր լինի «Այբ»-ը՝ Հայաստանում կրթության նոր որակ ու կրթական աննախադեպ շարժում, որը վերափոխել է բազմաթիվ աշակերտների, գործընկերների ու ընկերների կյանքը:

Գագիկ Գրիգորյանի ազդեցությունը, նվիրյալ աշխատանքն ու կրթության նկատմամբ կրքոտ վերաբերմունքն էր, որ «Այբ»-ի համահիմնադիրներին միավորեց «Այբ» գաղափարի շուրջ՝ նպատակ ունենալով ստեղծելու Հայաստանում համաշխարհային մակարդակով մրցունակ կրթական համակարգ՝ հիմնված քննադատական մտածողության, նորարարության և ստեղծարարության վրա: Այս սկզբունքներով էր Գագիկ Վարդանիչը գիտությամբ ոգեշնչում ու կրթությամբ վարակում իր աշակերտներին: Ու այդ սկզբունքներով էին ոգեշնչված «Այբ»-ի հիմնադիրները, երբ ձևավորեցին ու կյանքի կոչեցին «Այբ» կրթական շարժման տեսլականն ու նպատակը՝ որպես երախտագիտություն իրենց կյանքում և կայացման մեջ սիրելի ուսուցչի՝ Գագիկ Վարդանիչի ներդրման:

Գագիկ Գրիգորյանը «Այբ»-ի հիմքերում է ամենասկզբից, երբ 2008-ին միացավ հիմնադրամի թիմին՝ մասնակցելով կրթական նորարար նախագծերի մշակման աշխատանքներին, իսկ 2011-ից՝ «Այբ» դպրոցի հիմնադրման օրվանից առ այսօր դասավանդում էր նաև դպրոցում՝ շարունակելով կրթել և գիտությամբ ոգեշնչել «Այբ»-ի արդեն 11-րդ սերնդին, ընդհանուր՝ շուրջ 500 աշակերտների:

Նա նաև 2008 թվականից «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու» միջազգային մրցույթի լիազոր ներկայացուցիչն էր Հայաստանում։ Նրա շնորհիվ է մրցույթը եկել Հայաստան ու Արցախ և ստեղծել մի մեծ մաթեմատիկական շարժում՝ 445 152 մասնակիցներով:

Գագիկ Գրիգորյանը ոչ միայն նվիրյալ ուսուցիչ էր, այլև գիտնական, ում ներդրումը հայկական կրթական համակարգում անգնահատելի մեծ է: Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, միջազգային օլիմպիադաների ժյուրիի անդամ էր և ֆիզիկայի օլիմպիադաների հայաստանյան թիմերի ղեկավարը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը նվաճել է ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների տասնյակ մեդալներ: Գագիկ Գրիգորյանը 1983 թվականից աշխատում էր նաև Ֆիզմաթ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ և գիտաշխատող: Հեղինակ և համահեղինակ է 35 գիտական հոդվածի և 30-ից ավելի դասագրքերի ու ուսումնական ձեռնարկի: Իր բեղմնավոր և անբասիր աշխատանքի շնորհիվ Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Սակայն լավագույն մեդալները նրա համար իր սաներն էին:

Գագիկ Գրիգորյանը իրական մարմնավորումն էր այն արժեքների, որոնց հիման վրա ստեղծվել ու որոնցով առաջնորդվում է «Այբ»-ը: Նա ոգեշնչում է մեզ բոլորիս մեր բոլոր գործերում ձգտելու գերազանցության, և նրա ժառանգությունը կշարունակի լուսավորել հայկական կրթական համակարգը:

Հանգչե՛ք խաղաղությամբ, սիրելի՛ Գագիկ Վարդանիչ։ Ձեր գործն անմահ է, քանզի Ձեր աշակերտները կփայփայեն ու վառ կպահեն կրթության ջահը: Ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում Գրիգորյան ընտանիքին և հարազատներին ու կիսում մեծ կորստի ծանր վիշտը:

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>