Ուժեղ պետության գրավականը մրցունակ, մարտահրավերներ ընդունելու և դիմակայելու պատրաստ հասարակությունն է։ Այդպիսի հասարակության և պետության առանցքը որակյալ կրթական համակարգն է: Օրվա հրամայական է հայրենասիրությունը գործնականացնելն ու այն բացարձակ արժեք դարձնելը: «Այբ» դպրոցի տարածքում ռազմամարզական ավանի կառուցմամբ մենք նպաստում ենք կենսունակ համայնքի ու կայուն պետության զարգացմանը:
Աջակցելով մեր նախագծին՝ դուք կնպաստեք
դպրոցում ՆԶՊ առարկայի դասավանդման գործնական բաղադրիչի բարելավմանն ու կատարելագործմանը,
կյանքի տարբեր իրավիճակներին ու մարտահրավերներին դիմակայելուն և պաշտպանական կենսական հմտությունների ձևավորմանը,
առաջնորդության և ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը:
Բաղադրիչներ
դասասենյակ-լաբորատորիա՝ նորագույն ռազմամարզական VR վարժասարքով, որն իրական պայմաններ է ստեղծում մարտավարական հնարքների ուսուցման համար (անշարժ ու շարժական թիրախների պոլիգոն, տարբեր եղանակային պայմանների և օրվա ժամերի, նաև լեռնային, քաղաքային, անտառային տեղանքի ընտրություն և այլն).
արգելագոտի, որը հարմարեցված է լինելու լեռնադաշտային պայմաններին և ունենալու է կրակային գոտի, խրամուղի, փշալար, պատ ու ցանց.
մարզական ավան՝ ֆիզիկական մարզումների համար նախատեսված պայմաններով ու սարքերով (տուռնիկներ, զուգափայտ, ուղտ, շվեդական պատ, պրեսի վարժասարք և այլն):
Ռազմամարզական ուսումնական ավանը բաց կլինի նաև հանրակրթական դպրոցների աշակերտների ու բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելագործելու իրենց ռազմամարզական հմտություններն ու գիտելիքները:
Ավանում ուսումնառության կազմակերպման գործում ներգրավելու ենք ինչպես ոլորտի հմուտ հրահանգիչ-մասնագետների, այնպես էլ «Այբ»-ի՝ զինվորական ծառայություն անցած շրջանավարտների, ովքեր իրենց փորձով կօգնեն առավել արդյունավետ անցկացնելու դաշտային պարապմունքները: Այդպիսով այբական սերունդների փոխգործակցությունն ու ամուր կապերի հաստատումը կնպաստեն համայնքային ներուժի հզորացմանը:
«Այբ»-ի ռազմամարզական ավանում ստեղծելու ենք տեսադասերի հարուստ շտեմարան, որը հասանելի կլինի լայն հանրության համար:
Միանալով «Այբ»-ի շուրջ համախմբված ամուր համայնքին՝ դուք դառնում եք կարող ու հզոր մի ուժի մաս, որն ունակ է իրական փոփոխություն մտցնելու մեր երկրի ապագայում և մարդկանց կյանքում:
Հունիսի 2-ին՝ «Այբ» դպրոցի 2020 թվականի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Հովսեփյանի տարեդարձի հուշ-երեկոյի ընթացքում տեղի ունեցավ համայնքային դրամահավաք-միջոցառում: Այդ օրը «Այբ» մեծ ընտանիքը՝ ծնողներ, շրջանավարտներ, բարերարներ, ուսուցիչներ, հավաքվել էր կարևոր նախագծի շուրջ:
Ռազմամարզական ուսումնական ավանի նախագծի համար արդեն նվիրաբերվել է 32 422 000 ՀՀ դրամ: Այս գումարը մեզ հնարավորություն կտա մեկնարկելու ավանի առաջին բաղադրիչի՝ դասասենյակ-լաբորատորիայի շինարարությունը, որը շահագործման պետք է հանձնվի առաջիկա սեպտեմբերին: Նախագծի ամբողջական արժեքը 90 մլն դրամ է: