Բարի գալուստ «Այբ»․ մեր առօրյան ու մեր արժեքները

«Այբ»: Ի՞նչ եկավ քո մտքին առաջինը, երբ կարդացիր այս կարճ, սակայն բազմիմաստ բառը: Գույների մեջ թաթախված մի մեծ շինությո՞ւն, մարդկային արժեքների վրա հիմնված ութ սկզբո՞ւնք, կրթական համակարգում հեղաշրջում կատարող գաղափարի շուրջ համախմբված մարդկանց մի մեծ համա՞յնք, թե՞ հայոց այբուբենի առաջին տառը: Անկախ նրանից, թե որ տարբերակն է քեզ համար էական, այս հոդվածը կօգնի և՛ ճանաչելու, և՛ վերհիշելու մեր առօրյան: Մեր՝ ո՞ւմ:

Բարև՛, ես այբեցի եմ: Ահա այսպես ենք մեզ կոչում «Այբ» դպրոցի աշակերտներս: Թեև բոլորս արդեն սովորել ենք դպրոցի հատուկ բուռն ու ակտիվ կյանքին, բայց չենք կարող նաև ժխտել, որ այն յուրահատուկ է, հետաքրքիր ու... արկածներով լի: Այժմ կփորձեմ թվել և պատմել «Այբ»-ի առօրյայի որոշ առանձնահատկություններ:

Զանգի բացակայություն

Սկսեմ այս պարզ, սակայն մեծ նշանակություն ունեցող փաստով։ «Այբ»-ում երբեք չի հնչել զանգի ղողանջ։ Վերջինս համարվում է դպրոցների խորհրդանիշ, սակայն ո՛չ «Այբ»-ում։ Ընդհակառակը, ղողանջի բացակայությունը ցույց է տալիս աշակերտների պատասխանատվության զգացումը, քանզի նրանք պետք է բոլոր դասերին ներկայանան ժամանակին ոչ թե զանգի հիշեցմամբ, այլ սեփական պարտականությունները բարեխղճորեն կատարելու ցանկությունից ելնելով։

Դասավանդման յուրահատուկ մոտեցում

«Այբ»-ում տարածված է մի արտահայտություն․ «Մեզ սովորեցնում են պատասխանել ոչ թե «ի՞նչ», այլ «ինչո՞ւ» և «ինչպե՞ս» հարցերին»։ Ահա այդ պատճառով էլ յուրաքանչյուր առարկա՝ նոր և հին, մատուցվում է բազմազան նոր ու արդյունավետ մեթոդներով։ Մենք սովորում ենք ոչ թե վերապատմել, այլ վերլուծել, ոչ թե անգիր անել, այլ վերհիշել՝ գիտակցելով յուրաքանչյուր տառի, բառի, թվանշանի ուրույն տեղն իր ոլորտում, ոչ միայն տեսական, այլև փորձնական տեսանկյունից հասկանալ ցանկացած նյութ, կանոն, օրենք, բանաձև կամ հատկություն։ Այս ամենի շնորհիվ էլ մեր յուրաքանչյուր օր տարբերվում է մյուսից։

Արվեստ և մարմնակրթություն

«Այբ» դպրոցում կարևոր են բոլոր առարկաները։ Այստեղ առաջնահերթություն չի տրվում որևէ առարկայախմբի․ օտար լեզուներին, հայագիտական, հասարակական, բնագիտական առարկաներին և ճշգրիտ գիտություններին հավասար գնահատվում են մարմնակրթությունն ու արվեստը։ Այբական միջոցառումների անբաժան մասն են դառնում աշակերտների գունագեղ և յուրահատուկ նկարները, բեմադրված յուրատիպ ներկայացումները, երգչախմբերի և երաժշտախմբի անմոռանալի ելույթները և, իհարկե, սիրված ազգային պարերը, որոնց մի շարժումն անգամ բավական է մյուսներին վարակելու և միանալ ստիպելու համար։ Դե էլ ի՞նչ Այբական խաղեր, բասկետբոլի, ֆուտբոլի, վոլեյբոլի մրցույթներ առանց ֆիզիկական պատրաստության։

«Ազատ» մթնոլորտ

Բավական տարօրինակ և անսովոր հնչեց։ Փորձեմ բացատրել։ «Այբ»-ը բաց է ու թափանցիկ, անկեղծ ու բարեխոհ։ Աշակերտներին թույլատրվում է գրել պատերին (դրանք մաքրվող հատկություն ունեն), ինչի շնորհիվ հաճախ կարելի է տեսնել դրանց վրա ձեռագիր խաչբառեր, արտահայտություններ, հետաքրքիր փաստեր և այլն։ Դպրոցի տարածքը և հատկապես «Հայաստան» դահլիճը հարմար են խաղերի, մրցույթների, հավաքույթների, անգամ քնի համար։ Հաճախ անցկացվում են բացօթյա դասեր։ Դասարանների մեծ մասը, ուսուցչանոցը, աշխատասենյակները հիմնականում թափանցիկ են։ Մշտական կապ կա ադմինիստրացիայի և աշակերտների միջև։ Մեզ հուզող հարցերով կարող ենք դիմել և ստանալ արագ արձագանք։ «Ազատ» մթնոլորտ է նաև աշակերտների ու ուսուցիչների միջև։ Այդ պատճառով էլ դասաժամերն անցնում են թեթև և ուրախ, իսկ եթե որևիցե բան անհասկանալի կամ մասամբ «աղոտ» է մնում, աշակերտները հաճույքով լրացուցիչ ժամերի են հաճախում։ Իզուր չէ, որ դրանք կոչվում են «ուրախ ժամեր»։

Կամավորություն

Այբեցիների առօրյայի միասին խոսելիս անհնար էր մոռանալ կամավորությունը, որը շատերիս սիրելի արտադպրոցական զբաղմունքն է։ Կամավոր դառնալով՝ մենք ձեռք ենք բերում փորձ և գիտելիք տարբեր ոլորտներում, քանի որ կատարում ենք տարբեր հասարակական աշխատանքներ՝ օգնում ենք միմյանց, թարգմանում հոդվածներ, գրում նյութեր, բարելավում ենք մեր միջավայրը, կազմակերպում ու վարում միջոցառումներ և այլն։ Կամավորության շնորհիվ նաև ձեռք ենք բերում նոր ընկերներ և հետաքրքիր հիշողություններ։ Իզուր չեն ասում, որ կամավորները յուրաքանչյուր համայնքի հիմքն են։ Բացառություն չէ նաև մերը։

Վերջին կետում ես պարզապես չէ, որ նշեցի «համայնք» բառը։ Ի վերջո «Այբ»-ը մի մեծ ընտանիք է, որն ընդգրկում է աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, աշխատակիցներին, շրջանավարտներին, բարերարներին և բոլոր նրանց, ովքեր առիթ են ունեցել որևիցե կերպով մեր փոքրիկ համայնքի մաս դառնալ։ Այս ամենն ի մի բերելով՝ ավարտում եմ հոդվածն այսպես․ մեր առօրյան հագեցած է նոր գիտելիքներով, արկածներով, ուրախ ու հիշվող պահերով և իհարկե անսահման սիրով։

Բարի գալո՛ւստ «Այբ»։

Մերի Ղուլյան,

11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>