Մեղք և ապաշխարություն․ զրույց Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ

Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում մեղքեր ենք գործել, երբեմն շատ մեծ մեղքեր, սակայն չկա՞ն արդյոք դրանցից ազատվելու միջոցներ։

Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ հանդիպումների ընթացքում բազմիցս զրուցել ենք մարդկային մեղքերի մասին։ Հերթական հանդիպմանը քննարկեցինք մեղքից ազատագրվելու թեման։

Տեր հայրը հիշեցրեց Աստվածաշնչի ոսկե կանոնը՝ «Այն ամենը, ինչը կամենում եք, որ մարդիկ ձեզ համար անեն, արեք մարդկանց համար»։ Շեշտեց, որ կանոնը վերաբերում է միայն բարիքներ անելուն ու ակնկալելուն։ Սակայն այս դեպքում այլ հարց է ծագում. ի՞նչ է բարիքը։ Թեման բավականին քննարկված է, սակայն մինչ օրս շատերը դժվարանում են իրենց համար սահմանել բարիք եզրույթը, քանի որ շատ հաճախ այդ բարիք կոչվածը շատ հարաբերական նշանակություն ունի։

Քրիստոնեության մեջ բարիքի գլխավոր աղբյուրը Աստված է։ Նրանից են բխում ճշմարտությունը, սերը, առաքինությունը, խաղաղությունը և այլն։ Թեման ավելի խորապես քննելու գործում կարևոր դեր ունի խաղաղության ճանաչումը։ Քրիստոսը վերջին ընթրիքի ժամանակ իր աշակերտներին հայտնում է, որ նրանց է թողնում իր հոգու խաղաղությունը։ Մարդը կարող է լինել շատ ծանր, երբեմն անճար իրավիճակներում, սակայն հոգու խորքում ունենալ Աստծո Որդու հոգու խաղաղությունը։ Այսպիսով՝ հոգու խաղաղությունն ընդհանրապես կապ չունի մակերեսային խաղաղության հետ։

Մկրտության գործընթացում այն նույնպես կա։ Միայն մկրտությունից հետո է մարդը դրոշմվում և ապա պատրաստ լինում ընդունելու Քրիստոսի հոգու խաղաղությունը։ Քահանաներն իրենց հերթին պատվով ընդունել են այդ խաղաղությունը և տարիների ընթացքում փոխանցում են այլ մարդկանց։

Վերադառնալով թեմային՝ տեր Մեսրոպը խնդրեց ուշադրություն դարձնել փաստին, որ մեղքը պարզապես որոշ օրենքների խախտում չէ։ Մեղքը Աստծո սիրո մերժումն է, Աստծո էության մերժումը մեր մեջ։

Մեղքերից ազատագրման գործընթացն Աստվածաշնչում անվանում են ապաշխարություն։ Կարևոր է հասկանալ, որ զղջալը ապաշխարության գործընթացի միայն մեկ մասն է։ Ապաշխարությունը շատ ավելի ծավալուն գործընթաց է։ Այն եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, որը կատարվում է պարբերաբար և համարվում մարդկային կյանքի սնուցման աղբյուր։ Ապաշխարությունն իրականանում է 3 փուլով։ Դրանցից առաջինը մարդու ի սրտե զղջալն է։ Ինչպես նշում է Նարեկացին իր «Մատյան ողբերգություն» գրքում, «չկա ավելի մեծ հրաշք, քան մեղքերից ազատվող մեղավորի սիրտը»։ Երկրորդը բանավոր խոստովանությունն է։ Հնարավոր է կատարել Հայ առաքելական եկեղեցում, հոգևորականների ուղղորդմամբ։

Զղջալուց բացի՝ մեղքերը բարձրաձայն խոստովանելը նույնպես շատ մեծ նշանակություն ունի, որովհետև քանի դեռ ինքներս մեզ համար չենք հաստատել մեր զղջումը, այն բավականին խաբուսիկ է, մեծ է բացթողումների հավանականությունը։

Երկրորդ փուլն ավարտելու համար եկեղեցում հոգևորականը կատարում է Գրիգոր Տաթևացու հեղինակած ապաշխարության կարգը, և դրանով իրականանում է մեղքերից արձակումը։

Երրորդ փուլը գործով ապաշխարությունն է։ Այս փուլում մարդը պետք է կատարի որոշ գործեր իր մեղքերից մաքրվելու համար։ Օրինակ՝ եթե առաջին երկու փուլերի ընթացքում պարզվում է, որ անձն ատելությամբ է լցված այլ մարդկանց նկատմամբ, անհրաժեշտ է, որ նա սիրո գործեր կատարի։ Սովորաբար հոգևորականների համայնքն է որոշում, թե ինչ աշխատանք պետք է կատարի տվյալ մարդը գործով ապաշխարության ամբողջացման համար։

Տեր Մեսրոպի հետ խոսեցինք նաև պատարագի նշանակությունից։ Տեր հայրը հավատում է, որ պատարագն ամփոփում է քրիստոնեության իմաստի 99%-ը։ Հենց դրա ընթացքում է անհատը կապվում Աստծո հետ գինու և հացի շնորհիվ։

Ապաշխարության մասին դարերով կուտակված փորձառությունը ներկայումս օգտագործվում է նույնիսկ հոգեբանության ոլորտում։ Ապաշխարությունը հրավիրում է մեզ ինքնաճանաչողության աշխարհ՝ թողնելով մեզ միայնակ և անկեղծ մեր մտքերի հետ և Աստծո առջև, որտեղ յուրաքանչյուրը կարող է դիմացինին չափչփելու և քննադատելու փոխարեն նախ բացահայտումներ անել ինքն իր մասին։

Վիկտորյա Մամյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>