Հայաստանի առաջին հանրապետության անկախացումը

Մայիսի 28-ը,մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է։ Այդ օրը նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և պետականության վերականգնման տոնը։

103 տարի առաջ այս օրը Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հայտարարեց հայոց գավառների վրա Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Անկախության ուղին հաղթահարելը ամենևին էլ հեշտ չէր, սակայն Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հայերը կարողացան կանխել թուրքերի ներխուժումը և խուսափեցին վերջնականորեն ոչնչացումից։

Մայիսի 28-ին Թիֆլիսում ընդունված հռչակագրում ասվում էր.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»։

Իսկ հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.

«Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Նորանկախ հանրապետությունը խորհրդարանական էր, իսկ առաջին վարչապետը նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի մայրաքաղաքը դարձավ Երևանը։ Հռչակման պահին ՀՀ տարածքը 12 հզ. քառ. Կմ էր, իսկ բնակչությունը՝ 700 հազար։

Հայության համար չափազանց դժվար ժամանակներ էին, քանի որ հենց նոր էր եղել Հայոց Ցեղասպանությունը և փրկված հարյուր հազարավոր անօգնական, քաղցած և անօթևան գաղթականներ ապաստան էին գտել հայրենիքի փրկված փոքրիկ հատվածում։ Չնայած այս ամենին թուրքերը ցանկանում էին խլել մեր հայրենիքի վերջին մասը՝ Արևելյան Հայաստանը։ 534 տարի անց պետականության հիմնասյուների բացակայությամբ վերականգնված պետության անփորձ կառավարությունը ստիպված էր միաժամանակ և կռիվ մղել թուրքերի դեմ, և մտածել քայքայված տնտեսությամբ ու հումանիտար աղետի եզրին կանգնած երկիրը վերականգնելու մասին։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց։ Չնայած այսքան կարճ գոյատևելուն, Հայաստանի առաջին հանրապետությունը մի շարք ձեռքբերումներ ունեցավ։ Ստեղծվեց հայկական դրամը, ընդունվեցին օրհներգն ու զինանշանը, բացվեց առաջին համալսարանը Երևանում և այլն։

Պետականության վերականգնումը կարևոր դեր խաղաց հայ ժողովրդի կյանքում, և հենց առաջին հանրապետությունը հիմք հանդիսացավ երկրորդ և երրորդ հանրապետությունների ստեղծման համար։

Առաջին հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից։

Դավիթ Բաղդասարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>