Ֆիլմարտարդության ակումբը ներակայացրեց հայակակն տարազի ու արծաթի մասին հեռուստաֆիլմերը

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում կայացավ ֆիմարտադրության ակումբի նախագծի ֆիլմերի շնորհանդեսը։ Այս տարի նախագծի թաքնված գանձերն էին հայկական տարազն ու արծաթը կամ, ինչպես ֆիլմերի անվանումներն են ինքնին հուշում, «Հայկական գենով հագուստ»-ը և «Հայկական բնավորությամբ մետաղ»-ը։ Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ մեր ֆիլմերը հանրությանը մեկ քայլով ևս մոտեցրին հայկական մշակույթին և հետաքրքրության դռներ բացեցին դեպի ազգային սովորույթներն ու պատմությունը։

Բացման խոսք հնչեցրեց թանգարանի տնօրեն Գայանե Սամվելյանը և մատնանշեց թանգարանի գործունեության և մեր նախագծի համընդհանուր նպատակները, այն է՝ պահպանել ու հանրայնացնել ազգայինը, հայկականը։ Քիչ անց՝ «Հայկական գենով հագուստ»-ի դիտումից հետո, նախագծի անդամները, նախագծի ղեկավար Արուսյակ Զախարյանի գլխավորությամբ, այս ֆիլմի ստեղծման պատմությանն անդրադառնալով, է՛լ ավելի մեծացրին հետաքրքրությունը ցուցադրվող ֆիլմերի շուրջ։ Տարազի մասին ֆիլմն ասես ակնթարթի պես անցավ, քանզի հետաքրքրությունն ու նոր տեղեկույթի տարափը գրավել էին հանդիսատեսին։ Ֆիլմն անդրադառնում է ոչ միայն տարազին՝ որպես անցյալի հագուստի, այլև դրա վերադարձին նորաձևություն՝ տարբերվող ու նորարական ձևերով, ինչի մասին փաստում են հենց մասնագետները։

Այնուամենայնիվ, էլ ի՞նչ ազգային հագուստ առանց արծաթյա զարդերի։ Ուստի հերթը արծաթինն էր։ «Հայկական բնավորությամբ մետաղ»-ը ներկայացնում է արծաթյա զարդերի պատրաստման, դրանց կիրառության գրեթե բոլոր բնագավառների ու պահպանման կարևորության մասին մասնագետների կարծիքը։ Ֆիլմում ցուցադրված արծաթյա զարդերի մեծ մասը նկարահանվել էր հենց Ագուլեցու տուն-թանգարանում, ուստի, վերջինիս մասին տեղեկություններով զինվելով, հյուրերը բացառիկ հնարավորություն ունեին տեսնելու այդ նմուշներն ու շրջայց անելու թանգարանով։

Ի վերջո, շնորհանդեսն ավարտվեց ագուլիսյան ուտեստների համտեսմամբ, որին զուգակցեցին թանգարանի աշխատակիցների պատմությունները թանգարանում մեզ հետաքրքրող ցանկացած նմուշի վերաբերյալ։ Լսեցինք նաև մեր ֆիլմերի մասին մեկնաբանություններ ու կարծիքներ։

Ֆիլմերը հանրությանը հանձնելը ինչպես պատասխանատու, այնպես էլ հաճելի գործընթաց է, քանի որ տեսնելով մարդկանց հետաքրքրությունը հայկական մշակույթի հանդեպ՝ մենք է՛լ ավելի ենք ոգեշնչվում տարածելու ազգային մշակույթը, որի յուրաքանչյուր տարր արժանի է ուշադրության, քանզի մեր մշակույթի թաքնված գանձերը, թեկուզ աստիճանաբար, բացահայտվում են շնորհիվ ակումբի գործունեության։

Նանե Միրզոյան

12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>