«Արցախ. եռաձայն պայքար» հեռուստաֆիլմը ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ



Տեղի ունեցավ 17-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի փակմանը նվիրված մամլո ասուլիսը, որի ժամանակ «Ֆիլմարտադրություն» ակումբի աշակերտների՝ 2020-21 թթ. նկարահանած «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմի հեղինակներից Լիլիթ Մինասյանին, Անահիտ Հարությունյանին ու Հասմիկ Հարությունյանին, ինչպես նաև ակումբի ղեկավար Արուսյակ Զախարյանին փոխանցվեց ֆիլմի շահած «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:


Աշակերտները ոչ միայն ներկայացրել էին իրենց հեռուստաֆիլմը փառատոնին, այլև ժյուրիի կազմում էին և մասնակցում էին փառատոնի ֆիլմերի գնահատման և հաղթող անվանակարգերում ֆիլմերի ընտրության աշխատանքներին:

Բացի դրանից, փառատոնի անիմացիոն ֆիլմերը ցուցադրվել են դպրոցում 1-9-րդ դասարանների աշակերտների համար: «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբը, շարունակելով գնալ թաքնված գանձերի հետքերով, որոշել էր անդրադառնալ մերօրյա արցախյան պատերազմին՝ ներկայացնելով մարդ-մշակույթ-եկեղեցի անխախտ եռամիասնությունը: Նախագծի նպատակն էր հանրության տարբեր շերտերի ուշադրությունը արցախյան պատերազմի արդյունքում անորոշ ճակատագրի մատնված պատմամշակութային ժառանգության վրա սևեռելը, ինչպես նաև արցախյան պատերազմի պատմական հիմքը ներկայացնելը:

Նախագծի արդյունքում ստեղծվեցին 3 հեռուստաֆիլմեր, որոնք յուրովի են ներկայացնում պատերազմն ու դրա մասնակից կողմերին։

«Արցախ. եռաձայն պայքար» եռագրությունը հասանելի է «Այբ» դպրոցի յութուբյան ալիքում։ Հեռուստաֆիլմը լուսաբանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրում։ Հայ հասարակության համար հեռուստաֆիլմն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով նախագծի անդամները և նախագծի ղեկավար Արուսյակ Զախարյանը դեռևս պատրաստվում են մի շարք հարցազրույցներ տալ։

Հասմիկ Հարությունյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>