Թաքնված գանձերի հետքերով. ազգային տարազ, արծաթ, գորգեր և դռներ

Louis, Gucci, Fendi, Prada… Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ հագուստ էին կրում մեր նախնիները: «Այբ»-ում գործող նախագծային ուսումնառության Film Factory ֆիլմարտադրության ակումբի աշակերտներով շարունակում ենք «Թաքնված գանձերի հետքերով» նախագծի շրջանակում փնտրել հայկական մշակույթի անհայտ մնացած գոհարները։ Ակումբում ստեղծագործում են 11-րդ, 12-րդ դասարանների աշակերտները և շրջանավարտները: Արուսյակ Զախարյանն ու Նարեկ Վան Աշուղաթոյանը թիմի ղեկավարներն են: Համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք գտնելու և ուսումնասիրելու հին հայկական մշակութային գանձարանի չհայտնաբերված առեղծվածները և հնարավորություն ընձեռելու ձեզ ծանոթանալու այն արժեքներին, որոնց մասին գուցե և տեղեկացված չեք:

Շատ հետաքրքիր է մեր աշխատանքի ընթացքը։ Տարվա սկզբում այցելում ենք թանգարաններ, հանդիպում հայտնի մասնագետների հետ: Մենք ոչ միայն փորձում ենք ուսումնասիրություններ իրականացնել, այլև այդ ամենը հանրությանը ներկայացնել տեսողական բովանդակության` ֆիլմերի ստեղծման կամ թեմատիկ ցուցադրությունների կազմակերպման միջոցով։

Այս տարի մեր ակումբի ծրագրերի հիմքում նոր ուղղություններ են։ Ֆիլմերից մեկը պատմելու է Բարձր Հայքի տարազների մասին: Բացահայտելու ենք ազգային հագուստի յուրահատկությունները, գույներն ու դրանց նշանակությունները՝ որոշելով դրանք կրողի սոցիալական աստիճանը: Մյուս թեման ուրարտական ծեսերն ու պատկերագործություններն են, որոնց գլխավոր տեղեկատվական աղբյուրն արձանագրություններն են: Այն կծանոթացնի ձեզ Խալդիի վերածննդի, թագավորական որսի ու զոհաբերության ծեսերի մասին:

Պարզվում է, որ Վան-Վասպուրականի արծաթագործության և ժամանակակից արծաթյա զարդերի միջև հետաքրքիր համեմատություններ կարելի է անել, ինչն արդեն երրորդ ֆիլմի թեման է։ Իսկ միստիկ ու չբացահայտված գորգերի մասին կտեղեկանաք արձանագիր գորգերի մասին պատմող անդրադարձից: Մենք լիահույս ենք, որ մեր ընտրած թեմաները ձեզ ևս կհետաքրքրեն։

Դռները՝ որպես հայերիս մշակութային առանձնահատկություն, հնուց ի վեր արժևորվել են՝ ծառայելով որպես կոթողներ, մինչդեռ այլ երկրներում դռներն ավելի շատ կատարել են կենցաղային դեր։ Դռների մասին մենք ապագայում կունենանք ցուցահանդես՝ հենց այս հակադրությունը ձեզ ցույց տալու նպատակով։

Ֆիլմերի ու ցուցահանդեսի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկություններն արդեն հավաքվել են, սցենարը` պատրաստ: Միայն նկարահանումներն են կիսատ, քանի որ սուր վիրուսային համաճարակի տարածման պայմաններում մեր ինքնամեկուսանալու պատճառով մեր ծրագրերի իրականացումը հետաձգվել է: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ամեն ինչ չեղարկելու ենք ու ձեռքներս ծալած նստենք: Այս իրավիճակը դիտարկում ենք որպես հնարավորություն՝ մեր երևակայությունն ու հնարամտությունն օգտագործելու միջոցով նախագծի իրականացման համար նոր մոտեցումներ գտնելու համար: Մենք նախատեսում ենք նկարահանել ֆիլմերը մոտ ապագայում, երբ բոլորս կվերադառնանք բնականոն առօրյային: Իսկ մինչ այդ կներկայացվեն համապատասխան սահիկաշարերը, ինչպես նաև առցանց հանդիպում-դասախոսություններ՝ դրանց վերաբերյալ։

Հ.Գ. Մինչ այդ առաջարկում եմ վերանայել Film Factory ակումբի՝ նախորդ տարիներին նկարահանած մեր մշակույթի գանձերի մասին ֆիլմերը, որոնք, հուսամ, շատ շուտով այլևս թաքնված չեն համարվի։

Լուիզա Աղաջանյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>