Մեկ թանգարանային նմուշի պատմություն․ ֆիլմարտադրության ակումբ

«Իսկ դուք գիտեի՞ք»` հենց այս առանցքային նախադասությունն է ընկած ֆիլմարտադրության մեր ակումբի «Թանգարանային վլոգ» նախագծի հիմքում։ Հունիսի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ այս նախագծի շնորհանդեսը։ Այս տարի մեր նախագծի թաքնված գանձերը թանգարանում իրենց ուրույն տեղն ունեցող ցուցանմուշներն են, որոնց մասին էլ մենք սիրով պատմեցինք մեր միջոցառման ընթացքում, որը պայմանականորեն կազմված էր երկու հատվածից՝ շրջայց և վլոգների ներկայացում։ Օրը սկսվեց մեր ակումբի աշակերտների կողմից թանգարանում շրջայցի անցկացմամբ, որի ժամանակ նրանք ներկայացրին Կոմիտասի կյանքին ու գործունեությանն առնչվող կարևոր փաստեր և Կոմիտասի անձնական իրերը։ Շրջայցից հետո հյուրերին ուղեկցեցինք Կոմիտասի թանգարանում գտնվող գողտրիկ բացօթյա հատվածը, որտեղ էլ ներկայացրինք միջոցառման երկրորդ հատվածը։

Մեր ակումբի ղեկավար Արուսյակ Զախարյանի բացման խոսքով սկսվեց միջոցառման երկրորդ մասը, որի ընթացքում նա ներկայացրեց մեր նախագծի ընդհանուր նպատակները՝ հանրահռչակել Հայաստանի թանգարանային ոլորտն ու մեր մշակութային հարստությունը։ Ներկայացրեց, թե ինչ աշխատանք ենք կատարել այս ամիսների ընթացքում և խոսքը փոխանցեց աշակերտներին։ Ակումբի աշակերտները հանդիսատեսներին հղեցին հետաքրքիր և ինքնատիպ հարցեր, օրինակ՝ «Իսկ դուք գիտեի՞ք՝ որն է Երևանի ամենահայտնի ժամադրավայրը» կամ «Ինչպե՞ս էր ցրտին դիմակայում Թումանյանը և ի՞նչ հնարամիտ միջոցներ էր օգտագործում ձեռքերը տաքացնելու համար»։ Այս և մնացած բոլոր հարցերի պատասխանները ներկայացված էին մեր վլոգներում, որտեղ յուրաքանչյուրս պատմում էինք մեր այցելած թանգարանների հետաքրքիր ցուցանմուշների մասին։

Մենք այցելել ենք Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Կոմիտասի, Էրեբունու պատմահնագիտական, Երևանի պատմության, Դիլիջանի երկրագիտական, Դերենիկ Դեմիրճյանի, Արամ Խաչատրյանի, Սիլվա Կապուտիկյանի, Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի և Երվանդ Քոչարի թանգարանները։ Սրանց մասին մեր պատրաստած վլոգների թիվը գերազանցում է 60-ը։ Տեսանյութերի ներկայացումից հետո մեր հյուրերի կողմից ստացանք շատ դրական արձագանքներ մեր նախագծի վերաբերյալ, և շնորհանդեսն ավարտվեց հյուրասիրությամբ։ Վլոգների տարածումը դպրոցներում, այլ կրթական միջավայրերում և դրանց հանձնումը հանրությանը պատասխանատու գործ է։ Մեր ակումբը ստանձնել է միևնույն ժամանակ պատասխանատու և հաճելի այդ գործը։ Մենք առանձնացնելու ենք նմուշները և սոցցանցերում դրանց մասին կարճ տեսանյութեր տեղադրելով՝ դրանք ներկայացնելու հանրության լայն շերտերին։ Այդ կերպ ցանկանում ենք խթանել թանգարաններ այցելությունների քանակը և, տեսնելով հայկական մշակույթի հանդեպ մարդկանց հետաքրքրությունը, նպաստելու ենք դրա աճին։ Այսպիսով՝ մեր ակումբի գործունեությամբ շարունակելու ենք մեր մշակույթի թաքնված գանձերի բացահայտումը։

Հրանուշ Մելքոնյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>