«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբը հեռավար ուսուցման պայմաններում իրականացրեց վեբինար-քննարկումներ։ «Թաքնված գանձերի հետքերով» նախագծի շրջանակում աշակերտները «հյուրընկալեցին» անվանի մասնագետների և զրուցեցին հետևյալ թեմաների շուրջ՝ տարազներ, արձանագիր գորգեր, ուրարտական արձանագրություններ և արծաթագործ իրեր:
Առաջինը հայկական տարազների յուրահատկությունները բացահայտող քննարկումն էր: Հանդիպման հյուրերն էին Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական բաժնի ղեկավար, Երևանի պետական hամալսարանի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Չուգասզյանը և լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը, որը մի շարք հեղինակային նախագծերի հիմնադիր և հեղինակ է («Մարաշլյան» ֆոտոատելիե, «Մեզոն Մարաշլյան» աքսեսուարների բրենդ, Thinking Portraits ֆոտոնախագիծ): Տարազի ոչ մի զարդ, ոչ մի գունային երանգ, ոչ մի նախշ ավելորդ չէ. ամեն ինչ ունի իրեն հատուկ նշանակություն, խորհուրդ:
Հայկական ժառանգության մի մասի՝ ուրարտական արձանագրությունների մասին ունեցանք քննարկում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ Վահե Սարգսյանի հետ։ Նրանք պատմեցին ծեսերի, դրանց անցկացման կարգերի մասին: Իմացանք՝ ինչպես է Վանի թագավորը թագադրվել, ինչ են խնդրել հայերը աստվածներից արշավանքներից առաջ: Խոսեցինք նաև հեղման, թաղման և կրակի հետ առնչություն ունեցող ծեսերի մասին: Ուրարտական ծեսերի ու պատկերագործության գլխավոր տեղեկատվական աղբյուրը արձանագրություններն են:
Արձանագիր գորգերի մասին հանդիպման ընթացքում բացահայտվեցին մի շարք առեղծվածներ: Մեր հյուրերն էին «Թաքնված գանձերի հետքերով» նախագծի համահեղինակ, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանը և արվեստաբան Դիանա Հովհաննիսյանը։ Բացահայտվեցին մեզ համար նոր հանգամանքներ: Օրինակ՝ գիտեի՞ք, որ հայերը գորգերի վրա թողել են արաբական գրություններ, քանի որ ձեռագործ իրերի վաճառքը որոշ հայերի համար եղել է ապրուստի միջոց: Հանդիպումը տպավորիչ էր. Նարեկ Վան Աշուղաթոյանը, բացատրելով հայկական գորգերի այլոց կողմից յուրացման գործընթացը, տարածեց մի շատ կարևոր ուղերձ մեր ժամանակների գորգագործների համար՝ «Անպայման հայատառ որևէ մի ստորագրություն, որևէ մի հետք թողե՛ք նոր ստեղծագործությունների վրա, որովհետև մենք դրանով կթեթևացնենք վաղվա սերնդի գործը՝ հայկական գորգի ծագումնաբանության առումով»:
Հայկական արծաթագործ իրերը հատուկ են իրենց ոճի մեջ: Հանդիպման հյուրերն էին Սաթենիկ Չուգասզյանը և սիրված քանդակագործ, դիզայներ, ոսկերիչ Արման Նուռը: Նուռը արծաթագործությունը նմանեցրեց քանդակագործությանը, ցուցադրեց իր աշխատանքներից ու պատմեց աշխատանքի բուն գործընթացի մասին: Սովորեցինք, որ կարելի է արծաթագործ իրերը բաժանել երկու տեսակի՝ աշխարհիկ և եկեղեցական: Հանդիպման ժամանակ նաև եղավ ջրխաչի ցուցադրություն. դրա խորհուրդն իմանալու համար դիտեք մեր հանդիպման տեսանյութը։
Մշակույթն ազգի բնորոշիչ հատկանիշներից է. հայկական մշակույթն ուսումնասիրելով՝ մենք բացահայտում ենք ինքներս մեզ: «Այբ» դպրոցում նախագծային ուսումնառության շրջանակում գործող ֆիլմարտադրության ակումբի «Թաքնված գանձերի հետքերով» նախագծի նպատակը հին հայկական մշակութային գանձարանի չհայտնաբերված առեղծվածները բացահայտելն է:
Լուիզա Աղաջանյան, ֆիլմարտադրության ակումբ,
«Թաքնված գանձերի հետքերով» նախագիծ
Կիսվել