10 առասպել «Այբ» ավագ դպրոցի մասին

Մենք՝ աշակերտներս, վստահ ենք՝ նաև ուսուցիչներն ու դպրոցի աշխատակիցները, հաճախ ենք լսել հասարակությունում տարածված առասպելներ մեր դպրոցի մասին։ Դրանք զավեշտալի են, երբեմն անհեթեթ, և, որ ամենակարևորն է, չեն համապատասխանում իրականությանը։

Մեդիաթիմի անդամներով որոշեցինք մի փոքր հիասթափեցնել շատերին՝ պարզաբանելով մի շարք տարածված թյուր կարծիքներ «Այբ»-ի մասին։ Այս հոդվածը կազմել եմ «Այբ»-ում սովորող աշակերտների օգնությամբ․ առցանց հարցում ենք անցկացրել և ահա թե ինչեր ենք «պարզել» մեր դպրոցի մասին։

«Այբ» ավագ դպրոց ընդունվել անհնար է

Դա կնշանակեր, որ յուրաքանչյուր տարի 60-ից 80 աշակերտ անհնարինը հնարավոր է դարձնում։ Հենց այդքան աշակերտ է ամեն տարի դառնում այբեցի։ Ճիշտ է՝ ընդունելության գործընթացը ծավալուն է, բայց անհաղթահարելի ոչինչ չկա. դիմորդներից պահանջվում է նախորդ տարիներին դպրոցում սովորածը և ոչինչ ավելի։ Ի դեպ, «Այբ»-ում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը։ Արի՛ «Այբ», այստեղ սղարան կա։

«Այբ» ավագ դպրոցում տնային աշխատանք չեն ունենում կամ «տնայինը» դպրոցում են անում

Իսկ իրականությունն այն է, որ մեր տնայիններն այնքան շատ են լինում, որ ստիպված ենք դրանք անել մինչև ուշ գիշեր։ «Այբ» ավագ դպրոցի աշակերտները շաբաթական վեց օր հաճախում են դպրոց։ Դասերը սովորաբար ավարտվում են 16:25-ին։ Աշակերտներն ունենում են տնային աշխատանք, որը դպրոցում կատարելը հնարավոր չէ։

«Այբ» ավագ դպրոցում սովորում են հատուկ երեխաներ

Այստեղ ՉԵՆ սովորում հատուկ ունակություններով երեխաներ, և «հատուկ» հնարավորություններ պետք չեն մեր դպրոց ընդունվելու համար։ «Այբ»-ում կրթությունը հասանելի է ԲՈԼՈՐԻ համար՝ անկախ ընտանիքի ֆինանսական հնարավորություններից։ Ինչ վերաբերում է հատուկ ունակություններին, կրկնեմ՝ «Այբ» դպրոց ընդունված աշակերտները գալիս են հանրակրթական դպրոցներից, և նրանցից չի պահանջվում ոչինչ ավելի, քան հանրակրթական դպրոցի ծրագրերով նրանց մատուցված գիտելիքները։

«Այբ»-ում գոյատևելն անհնար է

Հաշվի առնելով աշակերտների ծանրաբեռնվածությունը՝ շատերը կարծում են, թե «Այբ»-ում սովորելն ու «դուրս չմնալը» հերոսություն է, սակայն, եթե աշակերտը նպատակային է կառավարում իր ժամանակը, նա նույնիսկ ունենում է հավելյալ ժամանակ, որն իրավասու է տնօրինելու ինչպես կկամենա։ Մեզանից յուրաքանչյուրը սովորում է անհատական ուսումնական ծրագրով, որը կազմված է հիմնական և ընտրովի առարկաներից: Յուրաքանչյուր աշակերտ պետք է ընտրի առնվազն երեք խորացված առարկա և հավաքի նվազագույն կրեդիտներ արվեստներից:

«Այբ»-ի ճաշարանում միշտ տոնական սեղաններ են

Այո՛, հատկապես հնդկաձավարը շատ ճոխ ուտեստ է ու տոնի զգացողություն է առաջացնում։ Իսկ ավելի լուրջ՝ դպրոցի ճաշացանկը կազմվում է բժիշկների հետ խորհրդակցությամբ, հաշվարկվում են կալորիաները, վիտամինները և այլն։ Չէ՛, մենք սնվում ենք ինչպես բոլոր մահկանացուները։

«Այբ» ավագ դպրոցի աշակերտները գոռոզ են ու մեծամիտ

Իսկ այս կարծրատիպը կարիքն ունի Ձեր հավաստիացման կամ հերքման, և դրա համար շատ բան հարկավոր չէ. պարզապես շփվեք որևէ այբեցու հետ։ Այստեղ յուրաքանչյուր աշակերտ պետք է իրականացնի հասարակական աշխատանքի որոշակի նվազագույն ծավալ, որն այնպիսի արժեքներ դաստիարակելու համար է, ինչպիսին են փոխօգնությունը, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելը, նոր մտքերի ու մոտեցումների առջև բաց լինելը, ուրիշի մտքերը և աշխատանքը գնահատելն ու չգողանալը, թիմի ճշտապահ և պատասխանատու անդամ լինելը, որոշումներ կայացնելիս բարեհոգության և հարուստ տեղեկությունների վրա հիմնվելը:

«Այբ»-ը էլիտար դպրոց է, որտեղ հարուստների երեխաներ են սովորում

Շտապեմ վշտացնել շատերին. «Այբ» ավագ դպրոցն էլիտար դպրոց չէ։ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում): «Այբ» կրթական հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի որևէ աշակերտ, որ ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից ֆինանսական պատճառներով:

«Այբ»-ը միջազգային դպրոց է

«Այբ» ավագ դպրոցը միջազգային դպրոց ՉԷ։ Այստեղ գործում է միջազգային ստանդարտներին համապատասխանող «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։ Արարատյան բակալավրիատը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Ծրագրի միջազգային գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտը։

«Այբ»-ից միանգամից ընդունվում են Ամերիկյան համալսարան

Այո՛, մենք հպարտանում ենք «Այբ»-ի շրջանավարտներով, որոնք սովորում են Հայաստանի և աշխարհի լավագույն բուհերում։ Իհարկե, նրանք այդտեղ հասել են «Այբ»-ում ստացած գիտելիքների շնորհիվ, սակայն բացառապես իրենց ուժերով անցել են ընդունելության ստանդարտ գործընթացներով։

«Այբ»-ի տերերը միլիոններ են աշխատում

Իսկ սա թերևս ամենատարածված ու ամենից անհեթեթ առասպելն է։ «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում: «Այբ» դպրոցը հիմնադրամ է` ոչ առևտրային, ոչ պետական կազմակերպություն, որը չունի սեփականատերեր, փայատերեր կամ բաժնետերեր: Այսինքն՝ դպրոցի տերն այն մարդիկ են, ովքեր կամավոր ստանձնել են հոգատար և պատասխանատու լինելու առաքելության իրենց մասը և համատեղ ջանքերով, հոգաբարձուների խորհրդի միջոցով, կյանքի են կոչում դպրոցի նպատակները: «Այբ» դպրոցի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է։ Խորհրդի ներկայիս կազմը սկսել է իր աշխատանքները 2019 թ․ դեկտեմբերի 1-ից և կպաշտոնավարի մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը։

Էլեն Հայրապետյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog

Tweets by AybSchool
>