«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն տարբեր հարթակներում հանրությանը ներկայացնելու իրենց նախագծերը, որոնք պատրաստել են ողջ տարվա ընթացքում։ Այս անգամ ներկայանալու հերթը «F8» լուսանկարչական ակումբինն էր։
Սեպտեմբերի 7-ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում կայացած բիզնես-ֆորումին «F8»-ի աշակերտները ներկայացրին իրենց «Համով Հայաստան» նախագիծը, որի նպատակն է լուսանկարների միջոցով վեր հանել հայկական ճաշատեսակների առանձնահատկությունները։ Լուսանկարները ներկայացված էին բացիկների տեսքով։ Այս «համեղ» և «ախորժալի» բացիկները շատերի ուշադրությունը գրավեցին, ինչն է՛լ ավելի ոգևորեց աշակերտներին, քանի որ սա «Համով Հայաստանի» առաջին ներկայացումն էր լայն հանրությանը։
Աշակերտների նպատակն էր նաև իրենց ուժերով կազմակերպել դրամահավաք՝ ակումբի հետագա գործունեության ծախսերը հոգալու նպատակով։
Առաջին փորձն ավելի քան հաջողված էր․ ֆորումի հյուրերն ու մասնակիցները բարձր գնահատեցին այբեցիների լուսանկարչական աշխատանքները և շտապում էին իրենց հետ տանել «Համով Հայաստան» նախագծի բացիկները։ Ակումբի աշխատանքն այնպես էր տպավորել հյուրերին, որ մեր աշակերտները ստացան նաև համագործակցության և աջակցության մի շարք առաջարկներ հայտնի և արդեն կայացած կազմակերպությունների կողմից։
Այս հետաքրքիր և ոգևորիչ միջոցառումից հետո «F8» լուսանկարչական ակումբի անդամները, ոգևորվածությամբ լցված, պատրաստվում են շարունակելու իրենց գործունեությունը։ Նրանց համար այս փորձն առաջինն էր, բայց հաստատապես՝ ո՛չ վերջինը։
Բոլորս անհամբեր սպասում ենք «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ակումբների հետագա հաջողություններին։
Եվա Սեյլանյան
12-րդ դասարան