Կայացավ Ֆ8-ի ակումբի երեք նախագծերի շնորհանդեսը

Հուլիսի 23-ին, «ՀԲԸՄ Հայաստանի» (AGBU) դահլիճում տեղի ունեցավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում գործող F8 լուսանկարչական ակումբի երեք նախագծերի շնորհանդեսը։

Միջոցառումը բաղկացած էր երեք մասից։ «Այբ» դպրոցի լուսանկարչական ակումբի երեք խմբերն ուսումնական տարվա ընթացքում կատարել են հանրային, սոցիալական նշանակության թեմաների հետազոտություն և ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքների արդյունքները։

Թեմատիկ ցուցահանդեսի շրջանակում F8 ակումբի անդամները կազմակերպել էին նաև քննարկումներքննարկմանը մասնակցում էին աշակերտների բարձրացրած խնդրահարույց թեմաների հետ առնչություն ունեցող հասարակական գործիչներ։ Նպատակն էր՝ քննարկման միջոցով գտնել նշված խնդիրների լուծումները։

Եվ այսպես՝ «Այբ»-ի F8 ակումբը ներկայացրեց հետևյալ նախագծերը։

«Թատրոն ուրվական»։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի դռները չեն բացվել 2012 թվականից։ Շենքը ծայրահեղ վթարային վիճակում է։ Ստեփանակերտի դրամատիկականի թատերախումբը շարունակում է ներկայացումներ բեմադրել Երիտասարդական պալատի՝ թատերական ոչ մի հարմարություն չունեցող բեմում։ Այբեցիներն այցելել են Արցախի երբեմնի հպարտությունը համարվող թատրոն, որի տպավորիչ անցյալի, անմխիթար ներկայի և անորոշ ապագայի մասին պատմեցին ֆոտոպատմությունների միջոցով։

«Հայուհի»։ Նախագծի շրջանակում F8-ի անդամներն ուսումնասիրել են Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության հանդեպ երիտասարդության վերաբերմունքը: Ստեղծել են այն մարդկանց ֆոտոպատմություններ, որոնք ձգտում են կոտրել հայկական իրականության մեջ գործող կարծրատիպերը: Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեց նաև թեմայի շուրջ բանավեճ՝ հրավիրված հյուրերի մասնակցությամբ։

«Street Art»։ Ովքե՞ր են փողոցներում «խզբզող» մարդիկ։ Փողոցային արվեստն արվե՞ստ է, թե՞ վանդալիզմ։ Նախագծի մասնակիցներն առաջարկում են ծանոթանալ ժամանակակից արվեստի այս ճյուղին։ «Այբ»-ի աշակերտների պատրաստած վիդեոինստալացիան ցուցադրվեց ամբողջ երեկոյի ընթացքում, որի միջոցով այցելուները կարող էին տեսնել հայաստանցի և արտասահմանցի ստրիտ-արտիստների աշխատանքները։

Նշենք, որ «Այբ»-ի F8 ակումբի աշակերտները պատասխանատվություն են ստանձնում հետագայում ևս հետևողական լինելու նշված խնդիրների հանրային իրազեկման հարցում։

Նախագծային ուսումնառությունը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա և ուսումնառությունը կառուցում է նախագծերի շուրջ։ Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։

Tweets by AybSchool
>