«Այբ»-ի աշակերտների նկարները ներկայացվեցին Արցախում

Արցախցիները հնարավորություն ունեն վայելելու «Այբ» ավագ դպրոցի «Արվեստանոց» ակումբի աշակերտների աշխատանքները։
Հոկտեմբերի 11-ին «Այբ» ակումբի անդամ Կարո Սարգսյանի նախաձեռնությամբ Շուշիի արվեստի կենտրոնում  կայացան «21-20 = 1 դարի արվեստ» խորագրով ցուցահանդեսը և «Մի կտոր երևանցին» նախագծի ներկայացումը։ 20-21-րդ դարերի արվեստի ուղղություններով ոգեշնչված՝ աշակերտները ստեղծել են գունանկարային աշխատանքներ կուբիզմի, սուպրեմատիզմի, սիմվոլիզմի, սյուրռեալիզմի և փոփ արտի ոճերով։
Նախքան ցուցահանդեսի բացումը  «Այբ»-ի երիտասարդ նկարիչները վարպետության դաս անցկացրին Շուշիի մանկապատանեկան արվեստի կենտրոնի աշակերտների հետ, իսկ հետո անցան ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին «Այբ» ակումբի անդամներ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, Շուշիի արվեստի կենտրոնի տնօրենը, ուսուցիչները, սաները և այլք։ «Այբ»-ի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը գրավել էր նույնիսկ արտերկրից ժամանած հյուրերի ուշադրությունը, որոնք իրենց տպավորությունների մասին գրառում կատարեցին հուշամատյանում։

«Տաղանդ, էներգիա, արվեստ և հիանալի արվեստագետներ։ Շնորհակալ եմ հրաշալի ցուցադրություն կազմակերպելու համար։ Անչափ տպավորված և ոգեշնչված եմ ձեր աշխատանքով և ընկերասիրությամբ»,- իր հիացմունքն արտահայտեց Լոնդոնից ժամանած ֆոտոլրագրողը, որը քննախույզ հայացքով ուսումնասիրում էր նկարները։

Օրվա ավարտին աշակերտներն ընթրեցին «Այբ» ակումբի անդամների հետ, զրուցեցին տարբեր թեմաների շուրջ և մտերմիկ միջավայրում ավարտեցին  տպավորություններով և դրական լիցքերով հարուստ օրը։

Աշակերտները վերադարձան՝ իրենց հետ բերելով վառ ու գունեղ տպավորություններով հագեցած հուշեր։

 

Ժաննա Հայրապետյան

11-րդ դասարան

 

Tweets by AybSchool
>