Եվրոպական երկրների շաբաթ «Այբ»ում

«Այբ» դպրոցում մարտի 20-25-ը հայտարարվել էր Եվրոպական երկրների շաբաթ, որի ընթացքում ծանոթացանք գերմանախոս երկրների, Ֆրանսիայի և Իսպանիայի աշխարհագրությանը, լեզվին, պատմությանը, խոհանոցին և սովորույթներին:

Շաբաթվա ընթացքում իրականացվեցին բազմաթիվ միջոցառումներ, որոնց շնորհիվ դպրոցում զգացվում էր եվրոպական երկրների շունչը: Նախ դպրոցի պատերը զարդարվեցին օտար լեզուների առարկայախմբի աշակերտների պատրաստած տեղեկատու պաստառներով, և ճաշարանի հատվածում կազմակերպվեց գերմանական, իսպանական և ֆրանսիական երաժշտության ունկնդրում: Ապա հյուրընկալեցինք Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի Վրաստանի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սյուզան Ռադվանին:

Տիկին Ռադվանի համար դպրոցում շրջայց կազմակերպեցին ավագ դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով աշակերտական առօրյան, դպրոցական նախագծերն ու դպրոցի պատմությունը: Հյուրի հետ քննարկվեցին նաև համագործակցության հետագա հնարավորություններն ու համատեղ նախագծերը:

Եվրոպական երկրների շաբաթվա շրջանակում «Այբ» դպրոցում կազմակերպվեց նաև աշխատարան տարրական դասարանների աշակերտների համար։ Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ, գրականագետ դր Լիանա Սաֆարյանը և դր Սրբուհի Լուլուկյանն աշակերտների հետ ընթերցեցին Օթֆրիդ Պրոյսլերի «Փոքրիկ վհուկը» մանկական գրքից և պատրաստեցին ձեռքի աշխատանքներ:

Այս բուռն միջոցառումներով լի շաբաթը եզրափակվեց օտար լեզուների առարկայախմբի աշակերտների համար կազմակերպված կինոդիտմամբ:

Մանե Մարտիրոսյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>