«Այբ»-ը մենք ենք

Ես Էլինան եմ։ Ծնվել և մեծացել եմ Դիլիջանում։ 2019 թ․-ին տեղափոխվել եմ Երևան՝ ուսումս «Այբ» դպրոցում շարունակելու նպատակով։ Երևանն ինձ համար օտար էր։ Բայց այն դադարեց օտար լինել այն ժամանակ, երբ ես առաջին անգամ նստեցի մեր դպրոցական ավտոբուսը։ «Այբ»-ն ինձ համար սկսեց հենց այդտեղից և հենց այդ մարդկանցով։

Երբ առավոտյան դժգոհ և հոգնած դեմքով մտնում ես դպրոց, հաստատ միակ բանը, որ կցանականաս, շուտ տուն վերադառնալն ու պառկել քնելն է։ Սակայն ամեն ինչ այլ է, երբ դու մտնում ես «Այբ» դպրոց։ Նախ՝ դու կհանդիպես ընկերներիդ, ովքեր քեզ կգրկեն ու կասեն, որ այսօր շատ գեղեցիկ վերնաշապիկ ես հագել։ Այնուհետև կգա ժամը 8։30-ը, և դասարան կմտնի ուսուցիչդ։ Օրինակ՝ ընկեր Նինան ՝ պատմության ուսուցչուհին։ Նա ժպիտով կխոսի գալիք վերլուծական էսսեի վերաբերյալ, և մենք կմոռանանք դրա բարդ լինելու մասին։ Կգա նախաճաշի ժամը, և մեր դասարանի Ստեփանն այսօր կերջանկացնի ուրիշ մեկին։ Ինչպե՞ս։ Պարզապես նա այսօր ցանկություն չի ունենա ուտելու իր բաժին հավով սենդվիչն ու այն կփոխանցի հենց այդ ուրիշ մեկին։ Բոլորիս ահ ու սարսափի ժամն է։ Թեմատիկ աշխատանք։ «Այբ»-ում գրված թեմատիկ աշխատանքները մյուսներից տարբերվում են նրանով, որ այստեղ յուրաքանչյուրը գիտակցում է ակադեմիական ազնվության մասին և միակ անազնվությունը, որ կարող է անել թեմատիկ աշխատանքի ժամանակ, «ալաբալանիցա» մեթոդն օգտագործելն է։ Այսպիսի մանրուքների շարք կարելի է գրել «Այբ»-ի կյանքի մասին, և հենց այս մանրուքներն են, որ մեր դպրոցը դարձնում են լիարժեք։

Երբ մեր դպրոցում ամանորյա միջոցառում էր կազմակերպվում, ես որոշեցի երգել։ Այդ օրը վախենում էի և դողալով ու տագնապալից բարձրացա բեմ։ Մի կերպ առաջին երկու նոտան երգեցի և բեմից փոքրիկ լույս նկատեցի։ Հետո՝ ևս երկուսը։ Իսկ ընդամենը հինգ վայրկյան հետո լույսերի քանակն անհնար էր հաշվել։ Այո՛, «Այբ»-ում յուրաքանչյուր մարդ իր փոքրիկ լույսով լցնում է միջավայրը և այն դարձնում անկրկնելի։

Մենք ընտանիք ենք։ Ու այս ընտանիքում բոլորը հոգ են տանում միմյանց մասին։ Այս ընտանիքում եմ ես հասկացել իրական ընկերության կարևորությունը։ Այս ընտանիքում եմ գտել իմ երազանքի ուսուցիչներին։ Այստեղ եմ հասկացել, որ դպրոցը միայն ֆիզիկան ու մաթեմատիկան չէ։ Մեր դպրոցը մի փոքրիկ աշխարհ է Երկիր մոլորակի վրա։

«Այբ» դպրոցը մեզ եզակի գիտելիքներ և կրթություն է տալիս, սակայն «Այբ»-ի գլխավոր արժեքը մարդիկ են։ Մարդիկ, ովքեր ընդամենը մեկ տարի առաջ ինձ անծանոթ էին, իսկ այսօր իմ կյանքի անբաժանելի մասնիկն են։ «Այբ»- ը շենք չէ, «Այբ»-ը մենք ենք։

Էլինա Դանիելյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>