Երկրաշարժերը երկրի մակերևույթի տատանումներ առաջացնող ստորգետնյա ցնցումներ են, որոնք հանգեցնում են երկրակեղևի փոփոխությունների և կառույցների վնասման կամ ոչնչացման: Պայմանականորեն երկրաշարժերը գնահատվում են 12-բալանոց սանդղակով: Վտանգավոր են համարվում 5 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերը: Նման երկրաշարժի հատկանիշներն են. թափվում են ծեփերը, շարժվում են լամպերը, ընկնում է սպասքը: Այն պահից, երբ դուք զգում եք առաջին ցնցումները մինչև տատանումների սկսվելը, դուք ունեք 15-20 վայրկյան: Ամենակարևորն այն է, որ խուճապի չմատնվեք և պաշտպանվեք թափվող բեկորներից, ծանր առարկաներից, ապակուց և այլն:
Ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փակ տարածքում
- Եթե հնարավոր է, դուրս եկե՛ք շենքից: Համոզվե՛ք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա:
- Եթե անհնար է դուրս գալ բաց տարածություն, թաքնվե՛ք անվտանգ վայրում (հիմնական ներքին պատերի դռների բացվածքներում, այդ պատերի անկյուններում), կարելի է թաքնվել մահճակալի կամ սեղանի տակ:
- Վտանգավոր է գտնվել պատուհանների մոտ և վերջին հարկերում գտնվող անկյունային սենյակներում:
- Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից:
- Դուրս մի՛ եկեք տանիքներ կամ պատշգամբներ:
- Դպրոցում երեխաները պետք է թաքնվեն նստարանների տակ և ձեռքերով ծածկեն գլուխները:
- Հանգստություն պահպանե՛ք, – ամբոխից հեռու մնացե՛ք, – խուսափե՛ք աստիճաններից և մուտքի դռներից. այնտեղ շատ դժբախտ պատահարներ են տեղի ունենում:
Ինչպե՞ս վարվել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք դրսում
- Հեռու մնացե՛ք փողոցի լապտերներից, մետաղալարերից և շենքերից:
- Զգուշացե՛ք ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհանների կոտրված ապակիներից և այլն:
- Ծածկե՛ք գլուխը ձեռքերով կամ պայուսակով:
- Մի՛ մտեք ստորգետնյա անցումներ:
Ինչպե՞ս վարվել, եթե դուք մնացել եք ավերակների տակ
Եթե դուք մնացել եք ավերակների տակ, իսկ դա վերաբերում է բոլոր դեպքերին` սողանքներին, երկրաշարժերին, փլուզումներին, հիշե՛ք, որ պետք չէ հուսահատվել, անհրաժեշտ է սթափ լինել: Առանց սննդի և ջրի դուք երկար ժամանակ կարող եք դիմանալ: Î Հանգստություն պահպանե՛ք և փորձե՛ք կենտրոնանալ:
- Կրակ մի՛ վառեք:
- Մի՛ շարժվեք:
- Փակե՛ք բերանը թաշկինակով կամ շորի կտորով:
- Փորձե՛ք հասկանալ, թե որտե՞ղ եք գտնվում, արդյոք ելք կա՞, արդյոք այլ մարդիկ կա՞ն ձեր կողքին:
- Թակե՛ք խողովակը կամ պատը, որպեսզի փրկարարները կարողանան պարզել ձեր գտնվելու վայրը: Սուլիչ օգտագործե՛ք, եթե ունեք իհարկե: Միայն ծայրահեղ դեպքում գոռացե՛ք, որպեսզի փոշի կուլ չտաք:
- Եթե դուք շրջապատված եք ավերակներով, փորձե՛ք դանդաղ շարժվել, որպեսզի պահպանեք ուժերը և չվնասվե՛ք սուր առարկաներով:
Ինչպե՞ս վարվել առաջին ցնցումից հետո
- Պատրաստ եղե՛ք հաջորդ ցնցումներին:
- Երբ ցնցումներն ավարտվեն, առանց ժամանակ կորցնելու դուրս եկե՛ք շենքից:
- Մի՛ կանգնեք մետաղալարերի, խողովակների, քիվերի տակ:
- Որքան հնարավոր է հեռու մնացե՛ք շենքերից, սյուներից, ցանկապատերից: Ավելի լավ է տեղավորվել այգում, բաց տարածությունում:
- Ստուգեք՝ արդյոք վիրավորներ չկան:
- Մի՛ տեղաշարժեք ծանր վիճակում գտնվող վիրավորներին:
- Հետևե՛ք իրավասու մարմինների հրահանգներին:
- Հեռախոսից օգտվե՛ք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի հեռախոսային գծերը չծանրաբեռնվեն:
Կիսվել