Նախագծային մտածողության դասընթաց ավագ դպրոցի աշակերտների համար

«Այբ» դպրոցում 11-րդ և 12-րդ դասարանցիների հագեցած առօրյայի մի մասը նախագծային ուսումնառությունն է։ 2021-2022 ուսումնական տարում գործում են նախագծային ուսումնառության (ՆՈՒ) 11 ակումբներ, որոնք պետք է հանդես գան իրենց մշակած գաղափարների ներկայացմամբ։ Լավ գաղափարը հարկավոր է նաև ճիշտ ձևով մատուցել, ուստի այդ նպատակով ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց նախագծային մտածողության (դիզայներական մտածողություն, design thinking) դասընթաց։ Այն վարեց «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարության և նորարարության գծով տնօրեն Էդգար Կարապետյանը։

Առաջին անգամ «design thinking» եզրույթը լսելիս շատերը պատկերացնում են, թե դա կապված է տեսողական տեղեկույթի հաղորդման ճիշտ միջոցների կիրառման հետ։ Սակայն իրականում այն լրիվ ուրիշ իմաստ ունի։ Նախագծային մտածողությունն օգնում է մարդկանց բացահայտելու առկա խնդիրներն ու գտնելու դրանց լուծումները։ Լուծումները յուրահատուկ ու նորարար են, այնպիսին, որ միանգամից ուշադրություն են գրավում և ունեն ստեղծագործական հետաքրքիր մոտեցումներ։

Նախագծային մտածողության ընթացքն ունի մի քանի փուլ։ Հանդիպման ընթացքում ՆՈՒ ակումբները ստացան նաև գործնական գիտելիքներ՝ հերթականությամբ կատարելով յուրաքանչյուր փուլի համար անհրաժեշտ առաջադրանքները։

Գործնական հատվածի առաջին փուլում խմբերը փնտրեցին խնդիրներ, որոնց լուծման համար որոշ քայլեր պետք է ձեռնարկվեին։ Աշակերտները կատարեցին հետազոտություն և բացահայտեցին իրենց նախագծերի թիրախային խմբերի կարիքները։ Գտնելով խնդիրները և բացահայտելով մարդկանց կարիքները՝ աշակերտները սկսեցին մշակել գաղափարներ։ Գաղափարների մշակումը սկիզբ դրեց խնդիրների լուծումները գտնելուն։

Ի վերջո, խմբային աշխատանքի վերջին փուլում յուրաքանչյուր ակումբ ներկայացրեց իր ընտրած խնդիրը և դրա լուծումների համառոտ քարտեզագրումը, որի միջոցով աշակերտները կիրառեցին դասընթացում իրենց ձեռք բերած գիտելիքները։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հաջողակ բիզնեսների ստեղծման յուրահատուկ նորարարական հարթակ է, որտեղ բիզնես գաղափարները ծնվում են, զարգանալով դառնում նախագծեր և դիրքավորում իրենց ուրույն ռազմավարական տեղը շուկայում։ «Այբ»-ի և «Գալաքսիի» գործակցությունը շարունակական է լինելու։

Նարե Կուրղինյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>