«Այբ» ավագ դպրոցի աշակերտ Իլոնան պատմում էր իր ապագա սրճարանի մասին, Լանան ցույց է տալիս իր սարքած ծաղկամանը, Արշակն էլ նկարագրում է մեղուների համար նախատեսված «հյուրանոցները»։ Ի՞նչ ընդհանրություն կա նրանց միջև։ Պարզվում է՝ խոսնակները նպատակ ունեն իրենց ներդրումն ունենալու էկոլոգիական մի շարք տարբեր խնդիրների լուծման մեջ։
Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի օրն է։ Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու այն բոլոր մարդածին խնդիրներին, որոնք վնասում են մեր մայր մոլորակը։
Climate Uturn-ն օգնում է դպրոցականներին և ուսանողներին դարձնելու իրենց քաղաքներն էկոլոգիապես կայուն։ Եվ այս անգամ Krisp և 10Web ընկերությունների աջակցությամբ «Այբ» ավագ դպրոցի աշակերտներն իրականացրին իրենց ծրագիրը։ Աշակերտները երեք ամսվա ընթացքում ուսումնասիրել են համաշխարհային դրական լուծումները և աշխատել ծրագրի մարզիչների հետ իրենց էկոլոգիական նախագծերի իրագործման վրա։
Սա արդեն երկրորդ այսպիսի ծրագիրն է «Այբ»-ի հետ, և Climate Uturn-ը նախատեսում է շարունակել համագործակցությունը հաջորդ տարի նույնպես։Արդյունքում՝ 13 շրջանավարտ, 7 տարբեր խնդիր և 7 լուծման տարբերակ։
Էկոլոգիապես կայուն սրճարանի ուղեցույցը, որը կազմել է Իլոնա Արտազյանը, անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սննդի թափոնները, ջրի ու էլեկտրաէներգիայի անիմաստ վատնումը և այլն։ Նա մշակել է հստակ կանոններ ու միջոցներ։ Օրինակ՝ սննդի թափոններից ստանալ պարարտախառնուրդ, պարբերաբար վերահսկել ջրատար խողովակներիկ արտահոսքը, օգտագործել LED լույսերը սովորական լամպերի փոխարեն (դրանք ավելի քիչ էներգիա են ծախսում) և այլն։ Նա նաև անդրադարձել է կահավորմանը՝ խրախուսելով վերամշակված փայտից, բամբուկից կամ վերամշակված պլաստիկից պատրաստված կահույքի կիրառումը, ինչպես նաև սրճարանում սեփական մթերքների աճեցումը։
Հայաստանը կանաչապատման խնդիր ունի․ սա թերևս գաղտնիք չէ։ Առավել մեծ տարածքներ ծառերին և բուսականությանը հատկացնելը լուծումներից միայն մեկն է։ Էրիկ Ճաղարյանը առաջարկում է կենտրոնանալ հակառակ գործընթացի՝ փոքր տարածքներում հնարավորինս շատ բուսատեսակներ տնկելու վրա։ Ինչպե՞ս։ Նրա ուսումնասիրած ծրագիրը կոչվում է «Կանաչապատում 7 մակարդակներով»։ Դա ենթադրում է, որ բույսերը պետք է կողք կողքի «դասավորել» ըստ նրանց բարձրության և արմատների տեսակի (նկարը՝ ստորև)։ Այս մեթոդը Էրիկը կամավորների հետ արդեն իսկ կիրառել է։ Առաջին փորձառությունը եղել է Երևանի 71 դպրոցում, որտեղ նրանք տարբեր տիպի բույսեր են տնկել՝ հետևելով հրահանգներին։ Էրիկը նախատեսում է ընդլայնել իր ծրագիրը և կիրառել Հայաստանի տարբեր անկյուններում։
Անհավատալի է, սակայն մեղրատու մեղուների միայն 8 տեսակ կա։ Մարդիկ նրանց մասին հոգ են տանում ու փոխարենը ստանում մեղր։ Իսկ ի՞նչ անել մեղուների մնացած 20000 տեսակների հետ։ Արշակ Մելքումյանը կոչ է անում չանտեսել նրանց, հատկապես որ նրանք՝ որպես փոշոտողներ, շատ ավելի արդյունավետ աշխատանք են կատարում։ Ուսումնասիրելով նրանց ապրելակերպը՝ Արշակը պատրաստել է «հյուրանոց»՝ փեթակ, որում էլ նրանք կարող են բնակվել։
Հեծանվային երթևեկությունը լուծում է շատ էկոլոգիական խնդիրներ, այդ թվում՝ օդի աղտոտվածությունը քաղաքներում: Ամեն դեպքում, Նարեկ Դավթյանը, Նանե Ենգիբարյանը, Հեղինե Ավագյանն ու Դավիթ Վանյանը առաջարկում են նախ սովորել կանոնները, որոնց շնորհիվ հեծանիվը որպես փոխադրամիջոց կիրառելը շատ ավելի անվտանգ է դառնում: Նրանք պատրաստել էին ազդապաստառներ ու տեսանյութ, որտեղ մանրամասն ներկայացրել էին ճիշտ ու սխալ գործողությունները հեծանիվ վարելիս:
Տարեկան 92 միլիոն տեքստիլ թափոն է հավաքվում ամբողջ աշխարհում: Ի՞նչ կարելի է անել՝ նվազեցնելու այս թիվը: Լանա Մելիքյանը նախընտրում է վերօգտագործել հագուստը այլ իրի տեսքով։ Օրինակ՝ որոշակի պարզ քայլաշարով իր հնացած տաբատից և ցեմենտից ստացել էր ծաղկաման:
Էկոլոգիապես կայուն հագուստ նախընտրելը ցանկալի է իհարկե նաև Հայաստանում: Եվ այստեղ, և ամբողջ աշխարհում պարբերաբար փոփոխվող նորաձևությունը վնաս է հասցնում բնությանը: Այդ վնասը նվազագույնի հասցնելու համար Աննա Հակոբյանը, Քրիստինե Գրիգորյանն ու Մանե Եղիազարյանը խրախուսում են էկոթելերի ու կտորների կիրառությունը, որոնք, ունենալով ամբողջությամբ կենդանական ու բուսական ծագում, բազմակի վերամշակելի են: Էկոհումքերի տեսակներինց են կանեփը, բամբակը, բուրդը և կտավատը:
Աննա Մխիթարյանն ու Մերի Շուշանյանն էլ, ծանոթանալով պերմակուլտուրային դիզայնի սկզբունքներին, նպատակ ունեն լուծելու ոռոգման խնդիրը Հայաստանի տարբեր անկյուններում: Նրանք ուսումնասիրել են ջրի հավաքման, պահեստավորման, վերականգնման ու ոռոգվող տարածքներն ու մշակել են իրենց քայլաշարը:
Այսպիսով՝ այբեցիներն արդեն իսկ լուծում են էկոլոգիական խնդիրներ: Նրանցից յուրաքանչյուրը լի է վճռականությամբ՝ իրենց, թեկուզ փոքր քայլերով, օգնելու թեթևացնել Երկիր մոլորակի «հոգսերը»:
Մերի Ղուլյան, 12-րդ դասարան
Կիսվել